«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել՝ ծննդկան Ջուլիետա Գասպարյանի մահվան առիթով հարուցված քրեական գործից, համաձայն որոնց՝ հնարավոր է` կասեցված քննությունը նորից շարունակվի:
Բանն այն է, որ օգոստոսի 6-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում էր կայացվել մերժել քրեական գործի հարուցումը, քանի որ հայտնի էր դարձել, որ մահվան պատճառ է հանդիսացել «Պոլիօրգանային անբավարարություն, սեպտիկ էնդոկարդիտ, փայծաղի և երիկամների նեկրոզ»-ը:
Սակայն նկատի ունելով երիտասարդ կնոջ ազգականների՝ օգոստոսի 8-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում մատնանշված հանգամանքները և հղիության նախնական շրջանում Գյումրիի համապատասխան բժշկական հաստատությունների կողմից կատարված հետազոտության արդյունքների վերաբերյալ բողոքները՝ նախաքննական մարմինը դիմել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու՝ քննիչի որոշումը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել կատարել քննություն՝ հարազատների կողմից մամուլում մատնանշված հանգամանքների շուրջ։
Նշենք, որ, ըստ GalaTV-ին տված հարցազրույցների, հարազատները պատմել էին որ իրենց աղջկա՝ սրտի արատ ունենալու մասին չեն էլ իմացել, Գյումրիի պոլիկլինիկայում ու հիվանդանոցում իրենց այդ մասին չեն հայտնել և նույնիսկ վիրավորել են, երբ իրենք մի քանի հոգով ծննդկանի հետ դիմել են բժշկի:
Հիշեցնենք, 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը որպես հղի հաշվառված է եղել Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներից մեկում: 2015թ. հուլիս ամսվա սկզբին նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ: