կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-29 16:44
Հասարակություն

Կասկածում էինք, որ ուղեղի հետ կապված խնդիրներ կան. մանրամասներ 26-ամյա ծննդկանի մահվան վերաբերյալ

Կասկածում էինք, որ ուղեղի հետ կապված խնդիրներ կան. մանրամասներ 26-ամյա ծննդկանի մահվան վերաբերյալ

Տեղեկացրել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել: Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը նշեց, որ ծննդկանը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը՝ ժամը 16-ի կողմերը, ծայրահեղ ծանր վիճակում:

«Մեզ մոտ է տեղափոխվել 35 շաբաթական հղիությամբ, երկկողմանի թոքաբորբոք և պոլիօրգանային անբավարարությամբ: Այնուհետև ծննդկանին կեսարյան են արել, բայց նրա վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր: Այսօր առավոտյան 8:40-ին գրանցվել է ծննդկանի կենսաբանական մահը»,- ասաց Հունանյանը` հավելելով, որ նորածնի վիճակը նույնպես ծանր է:

«Շենգավիթ» ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ծննդկանը հաշվառված է եղել իրենց մոտ, և մինչ այս որևէ խնդիր չի եղել:

«Հղիությունը նորմալ է ընթացել: Ի դեպ, աղջիկը մեզ մոտ չի եղել այն ծանր վիճակում, ինչպես նկարագրում են «Էրեբունի» բուժկենտրոնում, և մենք այդ ամենն ունենք ֆիքսված փաստաթղթերով: Ծննդկանի վիճակը վատացել է անմիջապես տեղափոխելուց հետո: Խնդիրներ առաջացան, որոնք էլ ստիպեցին շտապ վիրահատել»,- ասաց նա:

Հարցին` եթե ծննդկանը մինչ «Էրեբունի» տեղափոխվելը վատ չի եղել, ապա ինչո՞ւ են նրան այլ հիվանդանոց տեղափոխելու որոշում կայացրել, Սիրունյանը պատասխանեց, որ աղջկա մոտ նևրոլոգիական խնդիրներ էին առաջացել: «Ուղեղի հետ կապված կասկածներ առաջացան, մասնագետ կանչեցինք, ով էլ ասաց, որ ծննդկանի մոտ հնարավոր է ուղեղի հետ կապված խնդիրներ լինեն: Իսկ մենք չենք կարող նման հիվանդների հսկել, քանի որ չունենք նևրոլոգիալի բաժանմունք: Նրան պետք էր բազմապրոֆիլային հիվանդանոց, դրա համար էլ տեղափոխեցինք «Էրեբունի»,- ասաց նա: