կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-15 15:55
Հասարակություն

ԿԳ նախարարն ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահին

ԿԳ նախարարն ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին և  նրան ուղեկցող Բեյրութի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանին: 
Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Բեյրութի Հայկազյան համալսարանը հայկական սփյուռքում այն բացառիկ կրթական կենտրոններից է, որը ոչ միայն  ծանրակշիռ ներդրում ունի  հայագիտության պահպանման  գործում, այլ մշտապես առանձնացել է որակյալ  համալսարանական կրթության ապահովմամբ:

Նախարար Մկրտչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ համալսարանը լուրջ դերակատարություն ունի Լիբանանի բարձրագույն կրթության համակարգում: ԿԳ նախարարը կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Այդ համատեքստում  զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նախատեսվող հայագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներում սփյուռքի ներգրավմանը:

 Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես շեշտելով հանրային քննարկման դրված  «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով  առաջարկվող արմատական փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկազյան համալսարանի նախագահն իր հերթին կարևորել է հայաստանյան կրթական և գիտական հաստատությունների ու  Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:  Փոլ Հայդոսթյանը նշել է, որ սփյուռքում հետևում են  Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին և  պատրաստակամ են  իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ բերել ոչ միայն հայագիտական կրթական կենտրոնի հիմնադրմանը, այլ առհասարակ բարձրագույն կրթության բարեփոխումներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության  ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

ՀՀ ԿԳՆ