Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին դեմ էին ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները:
Թե ինչո՞ւ են Հարկային օրենսգրքին դեմ, արդյո՞ք օրենսգրքում վտանգներ են տեսել, դրա համար են դեմ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ իրենք չեն չափագրել` վտանգի աստիճանը մե՞ծ է, թե՞ փոքր: «Օրենսգրքի վերաբերյալ լայն դժգոհություններ եղան թե' մասնագետների և թե' գործարար աշխարհի կողմից: Այն ընդունվեց ոչ ցանկալի հիմքերի առկայության պայմաններում: Հիմա օրենսգիրքն ընդունվել է, բայց տնտեսվարող սուբյեկտների, նյութական բարիք ստեղծողների, ծառայություն մատուցողների համար չի ստեղծում այն, ինչ-որ պետք է այս պահին: Դեռևս ուժի մեջ չմտած օրենսգրքի վերաբերյալ արդեն մտածում են փոփոխություններ անել: Եթե լավ փոփոխություններ էին, թող ի սկզբանե լինեին օրենսգրքում: Եթե չաշխատող օրենսգրքի վերաբերյալ առաջարկվում են փոփոխություններ, հավանականությունը մեծանում է, որ վաղը նորից կարող է փոփոխության անհրաժեշտություն լինել»,- նշեց պատգամավորը:
Մինչդեռ, ըստ նրա, հաստատունության բացակայությունը հանգեցնում է գործի խզմանն ու խաթարմանը: «Սա արդեն դարձել է տարիներից եկող աշխատաոճ: Մենք դեմ ենք նման աշխատանքային ոճին և դրանով պայմանավորված էլ դեմ քվեարկեցինք»,- բացատեց Բոստանջյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը` ստացվում է, ոչ թե հարկային նոր օրենսգրքին են դեմ, այլ աշխատաոճին, նա պատասխանեց. «Իհարկե, հիմնականում մեր մոտեցումը այդ աշխատաոճին է դեմ: Տեսնում ես, որ շարունակվում է այս մոտեցումը, հետագայում էլ կլինեն այսպիսի դրսևորումներ, սակայն դրանք երբևիցե չի կարելի համարել հիմնավորված ու ճիշտ»:
Բոստանջյանի խոսքով` գործարարների համար երեք հիմնական պայման է բացակայում` մրցակցության բացակայությունը, ֆինանսական ռեսուրսների թանկությունը, ինչպես նաև վարչարարության կոպտությունը:
Yerkir.am-ի այն դիտարկմանն էլ` երբ վարչապետը նոր էր ստանձնել պաշտոնը, շեշտը դրել էր հենց գործարարությանը զարկ տալու վրա, և հարցին` արդյո՞ք ձախողել է նա, Բոստանջյանը պատասխանեց. «Սա է մեր համակարգը: Այս վարչապետը կլիներ, չէր լինի, ով էլ լիներ, նշանակություն չէր ունենա: Այս համակարգի պայմաններում վարչապետը 3 միլիոնի մեջ մի ֆիզիկական անձ է, ով ուզում է, որ լավ լինի մեր երկրի համար, եթե չի ստացվում, համակարգն է արգելքներ դրել նրա դեմ, ոչ թե նա է ձախողել»:
Պատգամավորը շեշտեց, որ համակարգն է հարկավոր արմատապես փոխել, և որ բոլորս ենք մեղավոր, հասարակությունն էլ է մեղավոր, որ համակերպվում է նման կարգավիճակի հետ: