կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-13 17:03
Քաղաքական

Հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ Ռոբերտ Քոչարյանի պես ղեկավար է ունեցել. Վարդան Բոստանջյան

Հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ Ռոբերտ Քոչարյանի պես ղեկավար է ունեցել. Վարդան Բոստանջյան

Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հարցազրույցը ոչ թե գեղարվեստական գրականության ժանրից էր, այլ մասնագիտական, իրավիճակին տիրապետող մարդու խոսքեր էին` բոլոր առումներով` ե'ւ մասնագիտական առումով, ե'ւ կառավարչական դիտակետի առումով եւ, ընդհանրապես, հասարակության եւ երկրի բնակչության խնդիրները տարբերակող ու առաջնահերթությունները սահմանողի տեսանկյունից. Yerkir.am-ին այսօր ասաց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը' անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի' Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությանը պատասխանող  երկրորդ հարցազրույցին:

 

«Իմ տպավորությունը չափազանց բարձր է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից: Դա բարձր արժեք ներկայացնող հարցազրույց էր»,- ընդգծեց տնտեսագետը եւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած խնդիրների առումով իրավիճակը Հայաստանում  հենց այնպիսին է, ինչպես նա ներկայացրել է սեղմ, դիպուկ եւ ամբողջական տեսքով:

 

Վարդան Բոստանջյանը ուշադրություն հրավիրեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերջում նշված այն խոսքին, որ երկրի բնակչությունն ու հասարակությունը գունավոր աղյուսակներով ու դիագրամներով չի սնվում:

 

«Ես դա ասում եմ ամենահարուստ ու զարգացած երկրների օրինակով: Այսինքն' մարդիկ առաջնորդվում են այդ սկզբունքով, այդ արժեքային համակարգով: Իսկ մնացած տոկոսներ եւ այլ ցուցանիշներ, ըստ էության, ոչինչ չեն կարող նշանակել: Առավել եւս, երբ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է, որ դրանք, մեղմ ասած, կարող են իրականությանը չհամապատասխանել»,- նշեց տնտեսագետը:

 

Իսկ այն հանգամանքը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությունում տնտեսական անկման կապակցությամբ նշվում է, թե 2009 թվականին այն կազմել է 18,5 տոկոս, իսկ պաշտոնական վիճակագրությամբ  նշված է եղել 14,4 տոկոս, տնտեսագետի խոսքերով, խոսում է նրա մասին, որ մեզ մոտ իրավիճակն ավելի վատն է, քան պաշտոնապես դա ներկայացվել է: Եվ դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է ընդգծել, այլ  այդ աղյուսակները բերվել են հենց վարչապետի կողմից:

 

Մասնագիտական առումով էլ Վարդան Բոստանջյանն ամբողջությամբ կողմ է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում տեղ գտած բոլոր տեսակետների հետ: Նա համոզմունք հայտնեց, որ վարչապետի ներկայացրած մասնագիտական վերլուծության վերաբերյալ սպառիչ պատասխան է տալիս հենց Ռոբերտ Քոչարյանը, եւ նրա տված պատասխանը շատ ավելի բարձր է, ավելի մեծ նշանակություն ունի եւ ավելի ճիշտ է, քան կարող էր ասել ինքը` որպես տնտեսագետ:

 

«Ինձ թվում է, որ հայ ժողովուրդը պետք է շատ ուրախ լինի, որ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար է ունեցել: Իսկ ինքը, այլ ղեկավարների համեմատությամբ, անհաշիվ առաջ է անցած»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը: