կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 03:31
Հասարակություն

Վարդան Բոստանջյան. Հայ ժողովուրդը սոցիալական բունտ չի սիրում

Վարդան Բոստանջյան. Հայ ժողովուրդը սոցիալական բունտ չի սիրում

Բացօթյա առեւտուրը սահմանափակելու` Երեւանի քաղաքապետի որոշմանն այսօր անդրադարձել են ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վարդան Բոստանջյանը: ՀՅԴ ներկայացուցիչը նկատել է, որ դա ժամանակից շուտ ձեռնարկված քայլ է եւ այդ քաղաքացիների շրջանում կհանգեցնի գործազրկության ծավալների մեծացմանն ու աղքատության ցուցանիշի բարձրացմանը: «Որքան էլ որ օրենքի պահանջ լինի, այն չի կարող այս պահին արդարացնել քաղաքապետին, քանի որ չի ապահովում այդ առեւտրականների եկամտի ստացման այլընտրանքային հնարավորություններ»,-նշեց Արծվիկ Մինասյանը` շեշտելով, որ մենք չունենք սուպերմարկետների, տոնավաճառների ու առեւտրային կետերի զարգացման հայեցակարգ: «Ինչո՞ւ  պետք է 15 առեւտրային փոքր օբյեկտներ փակվեն, ինչ է, թե` այնտեղ սուպերմարկետ են կառուցում»,-նկատեց ընդդիմության ներկայացուցիչը, որի այս դիտարկմանը հակադարձեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը. «Այսինքն, ուզում եք ասել, որ պետությունը համակերպվի՞, որ հակահիգիենիկ պայմաններում ամեն մեկն իր համար կանաչի՞ ծախի: Ես հասկանում եմ, որ մարդ արարածը պետք է ապրի, բայց չեմ ուզում, որ հայ ժողովուրդը մնա ստրկամիտ, խեղճուկրակ, կանաչի ծախողի հոգեբանությամբ: Հենց բառն արդեն ասում է` փողոցային առեւտուր: Կարծում եմ`դժվար չէ, որ այդ մարդիկ իսկապես արժանավայել աշխատանք ու արժանավայել եկամուտ ստանան իրենց գոյությունը պահպանելու համար»: Ինչ վերաբերում է այն հարցին` հնարավո՞ր է, արդյոք, որ քաղաքապետի որոշումը ժողովրդի շրջանում մեծ ընդվզման հանգեցնի, Վարդան Բոստանջյանը նկատեց, որ հայ ժողովուրդը սոցիալական բունտ չի սիրում, Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ թեեւ ինքը շատ կուզենար, որ սոցիալական ընդվզումը վերածվեր համախմբված պայքարի, սակայն փաստն այն է, որ մեր հասարակության մեջ սոցիալական դժվարությունները հաճախ չեն հանգեցնում բուռն հակազդեցության: «Ամեն մի հայ ընտանիք ներսում բողոքում է ստեղծված իրավիճակից, սակայն դրսում չի պայքարում ու համախմբվում, արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ամեն մի որոշում վաղ թե ուշ պարտադրանքի միջոցով կյանքի է կոչվում»: Պատգամավորը լուրջ հակասություն է տեսնում Երեւանի ավագանու որոշումների ու գործողությունների միջեւ: «Եթե դուք նայեք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում այսպիսի կտրուկ քայլ չեք գտնի, կարծում եմ, մենք պետք է մեր հայտարարած գործերի եւ խոսքերի տերը լինենք»,-նշեց նա: