Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՓՄՁ սուբյեկտների վրա հարկային մեծ պարտավորությունները տրամաբանական չեն, և, ինչ-որ առումով, նաև ոչ ցանկալի: Որովհետև այն սուբյեկտները, որոնց վրա տարածվում է կառավարության' շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման նախաձեռնությունը, ըստ էության, իրականացնում է սոցիալական բիզնես, այսինքն' այս սուբյեկտները չունեն այնպիսի մեծ եկամուտներ, որոնք իրենց համար մեծ շրջանառություն կապահովեն, դրա համար դա որակվում է որպես սոցիալական բիզնես: Այսինքն' դա բիզնեսի մի տեսակ է, որն աշխատում, հոգում է իր կենցաղային ու փոքր' տրիվիալ խնդիրները: Yerkir.am-ին այսօր այսպես բացատրեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը' անդրադառնալով կառավարության' շրջանառության հարկի ու ՓՄՁ օժանդակության նոր փաթեթին:
Կառավարության մոտեցումը տնտեսագետը ճիշտ է համարում և նշում, որ Հայաստանում ՓՄՁ-ի' գրեթե գոյություն չունենալու կապակցությամբ միջին խավ ձևավորելու համար իսկապես անհրաժեշտ է շրջանառության հարկի կտրուկ փոքրացում իրականացնել:
«Կառավարության այս նախաձեռնությունը ես, ընդհանրապես, ուզում եմ ողջունել: Դեռևս չեմ հասցրել մանրամասներն ուսումնասիրել և առայժմ չեմ կարող ասել, թե որքան են նպաստավոր պայմաններ ստեղծված: Ես հասկանում եմ, որ փոքր ու միջին բիզնեսի համար, կարծես, կառավարությունն այս պահին ավելի ցանկալի եւ արտոնյալ պայմաններ է ստեղծում, բայց դրա քանակական գնահատման առումով որոշակի ժամանակ է պետք»,- նշեց Բոստանջյանը:
Երևույթին, որ նախատեսվում է նաև հայկական բիզնես միջավայրում կայացնել փաստաթղթավորման ինստիտուտը, տնտեսագետը նույնպես դրական է վերաբերվում' շեշտելով, թե դա, որպես ինստիտուտ, շատ անհրաժեշտ մշակույթ է ընդհանրապես գործարար աշխարհի համար, և մինչև անգամ փոքր շրջանառության պայմաններում թափանցիկ գործելը ցանկացած երկրի համար չափազանց կարևոր ինստիտուտ է:
«Բայց, միևնույն ժամանակ, փաստաթղթավորումը կամ թափանցիկության դրսևորումը չպետք է լինի մեծ բեռ որոշակի սուբյեկտների համար, հատկապես` ՓՄՁ-ի: Այս պահին փաստաթղթավորման կտրվածքով կառավարության կողմից առաջարկված մոտեցումներն ակնհայտորեն դրական են: Խոշոր ձեռնարկությունների համար, իրենց պարտավորությունները ճիշտ կատարելու առումով, անպայման պետք է լինի համապատասխան փաստաթղթավորում կամ թափանցիկության ապահովում»,- նշոեց Վարդան Բոստանջյանն ու անկեղծորեն զարմացավ, թե ինչո՞ւ պետք է փաստաթղթավորման երևույթը բացասական դրսևորում ունենա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե փաստաթղթավորման ճանապարհով, օրինակ, որոշ բիզնեսներում ստվերային հատվածները կարող են դուրս գալ հրապարակային դաշտ, հետևաբար' կսկսեն ավելի շատ հարկվել, հետևաբար' գնաճի ռիսկեր կառաջանան, Բոստանջյանը արձագանքեց. «Գնա~ճ, այսինքն ի՞նչ ես առաջարկում' չփաստաթղթավորվե՞ն, թե, ինչ է, գնաճային ռի՞սկ կա: Նման բան չի լինում, ցանկացած պարագայում փաստաթղթավորումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետության մեջ աշխատողի ամբողջ գործունեության ամբողջ բնութագիրը ներկայացնող հավաստի փաստաթուղթ: Դրա բացակայությունն ուղղակիորեն նշանակում է, որ դու թաքնված գործունեություն ես իրականացնում: Փաստաթղթավորումը, որպես այդպիսին, չի կարող երբեք բացասական ծանրաբեռնվածություններ առաջացնել: Այլ բան է, երբ դու փաստաթղթավորման առումով որոշակի սուբյեկտների ավելորդ դժվարությունների առջև ես կանգնեցնում: Դա արդեն ուրիշ հարթությունում է»:
Վերջում Բոստանջյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ցանկացած' մինչև անգամ ֆիզիկական անձի գործունեությունը' լինի հասարակական, տնտեսական, թե քաղաքացիական, պետք է թափանցիկությամբ իրականացվի, որպեսզի հասարակությունն իմանա, թե ում հետ գործ ունի, եւ տվյալ հասարակության մեջ ով ինչ պատասխանատվություններ պետք է կրի: