Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ռեկտորների խորհրդի նիստում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային մի քանի քննարկումների միջոցով մանրազննին անդրադառնալ նախագծի բոլոր հոդվածներին: Բացի այդ, քննարկում է տեղի ունեցել նաև ոչ պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով նշել է, որ օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման՝ հորդորելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները նախագծի վերաբերյալ: «Նախագիծն անցել է մի քանի փուլերով և բավականին սկզբունքային փոփոխությունների ենթարկվել, որի ընթացքում հաշվի են առնվել նաև ձեր կողմից ներկայացված դիտողությունները: Ներկա բուհական համակարգը, մեր միջազգային գործընկերների գնահատականով ևս, կարիք ունի նոր կառուցվածքային փոփոխությունների, հետևաբար ժամանակ է տրվելու, որպեսզի բուհերն անցնեն միջազգային ընդունելի համակարգերի: Ոչ պետական համակարգի առումով պետք է նշել հետևյալը՝ ՀՀ բուհերի շուրջ 89 հազար ուսանողից ոչ պետական սեկտորում սովորում է շուրջ 12 հազարը: Եթե այդ թվից հանենք 6-7 հիմնական ոչ պետական բուհերի սովորողներին, ապա կարելի է փաստել, որ մնացած երկու տասնյակ բուհերում սովորում է շուրջ 3 հազար ուսանող: Սրանից էլ սկսվում է մասնավոր հատվածի հիմնական խնդիրը: Նոր օրենքով ամրագրվում է բացարձակ հավասարություն՝ սեփականության ձևերի իմաստով: Համակարգի կենտրոնում դնում ենք ուսանողին, ՀՀ-ն դիտում որպես մեկ համալսարան, որտեղ գործում են մասնավոր և հասարակական համալսարաններ: Պետական համալսարան հասկացությունը դուրս է գալիս, և սեփականության ձևով է որոշվում բուհի տիպը: Օրենքում առկա է նաև կրեդիտային, կառավարման և հավատարմագրման համակարգերի փոփոխություն: Վերջինս դնում ենք երկու հարթության վրա՝ ինստիտուցիոնալ և մասնագիտությունների հավատարմագրում, որը նախևառաջ վերաբերելու է պետական բուհերին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծի վերջին տարբերակի վրա Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում աշխատել է բարձրագույն կրթության ոլորտում այսօր աշխարհում հայտնի ամենահեղինակավոր փորձագետների խումբը, որոնց հիմնական դիտողությունները ներառվել են նախագծում: «Այս օրենքը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթության մեջ բացարձակ ճկունության՝ երկակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, կոնսորցիումների ձևավորում՝ միազգային և տեղական, բուհի ներսում քոլեջ կամ դպրոց՝ իրավաբանական անձի կարգավիճակով, ինչպես նաև կրթահամալիր: Բացի այդ, այն թույլ է տալիս, որ բուհը միջազգային համալսարանների հետ մտնի ցանկացած հարաբերության մեջ՝ սկսած ամբիոնի հիմնադրումից մինչև համատեղ վկայականներ: Այս իմաստով փորձագետներն օրենքը գնահատում են դրական՝ բավարարված լինելով նաև դրանում հավասարության սկզբունքի պահպանմամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 3 տարի ժամանակ է տրվելու բուհերին՝ այս համակարգին անցնելու համար:
Նախարարի ելույթից հետո բուհերի ռեկտորները մի շարք հարցեր են ուղղել Լևոն Մկրտչյանին, ինչպես նաև հնչեցրել իրենց առաջարկությունները և դիտողությունները օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք, մասնավորապես, առնչվել են ինստիտուցիոնալ հավատարմագրման, բուհերի խոշորացման, համալսարանների ինքնավարության և այլ հարցերին:
ՀՀ ԿԳՆ