կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 16:00
Քաղաքական

Ընտանեկան բռնության օրենքը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա. Աղվան Վարդանյան

Ընտանեկան բռնության օրենքը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա. Աղվան Վարդանյան

Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայեց, որ մեր հասարակության մեջ ունենք լրջագույն խնդիրներ, որոնք քաղաքակրթական հարց են, և աղավաղված պատկերացում կա մեր ազգային ավանդական ընտանիքի վերաբերյալ:

«Մենք ժողովուրդ ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն ենք եղել, բայց, ցավոք, պետականության բացակայությունը, միջավայրի` պարտադրված ազդեցությունը աղավաղել է մեր բուն մտածողությունը: Ցավում եմ, որ մենք ունենք այս վիճակը` խոսքը պսևդոազգային, պսևդոավանդական պատկերացումների մասին է: Հայկական ընտանիքը փոխադարձ վստահության վրա հիմնված, առանց բռնությունների ընտանիքն է, և ընտանեկան բռնության կանխարգելումը կամ դրա փորձը բխում է մեր ազգային` հայկական մտածողությունից»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա` այնուամենայնիվ, ընտանեկան բռնության վերաբերյալ գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության առիթ տալիս են, և օրենքի նախագիծը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա:

Պատգամավորը նշեց, որ սա այն նվազագույնն է, որ պետությունը պարտավոր է անել` իբրև սկիզբ:

«Լրամշակված նախագծում շատ հասկացություններ ու դրույթներ հստակեցվել են: Հատկանշական է, որ երեխայի շահերի առաջնահերթությունը և ընտանիքին` որպես հասարակության բնական և հիմնական բջջի, աջակցությունը սահմանված են որպես նախագծի սկզբունքներ»,- եզրափակեց Վարդանյանը: