կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-20 13:52
Քաղաքական

Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից. Աղվան Վարդանյան

Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից.  Աղվան Վարդանյան

Որոշակի շտկում-հստակեցումներից հետո ՀՅԴ խմբակցությունը կողմ է լինելու ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի ընդունմանըYerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա՝ Դաշնակցությունը հասարակության մասն է, և բնական է՝  Դաշնակցության մեջ, շուրջը կարող են լինել, կան այլ տեսակետ ունեցողներ, սակայն սա ՀՅԴ-ի ընդհանրական տեսակետն է:

«Բուռն քննարկումները, այսքան հակասական տեսակետները  նաեւ մեր հասարակության արժեհամակարգի, մեր հասարակությունում առկա խնդիրների վկայությունն են: Բռնության ցանկացած դրսեւորում դատապարտելի է, հատկապես` եթե այն տեղի է ունենում ընտանիքում: Եթե մենք ընտանիքը համարում ենք հասարակության մոդել, հասարակության միջուկ, բնական է, որ ընտանեկան բռնության ծայրահեղ դրսեւորումները, իսկ ես համոզված եմ՝ խոսքը ծայրահեղ դրսեւորումներ թույլ չտալու մասին է, դառնալու են հասարակության վաղվա խնդիրը: Այս առումով նման օրենքի անհրաժեշտություն կա»,- ասաց պատգամավորը:

Նա համոզված է` օրինագիծը  շտկելով, հստակեցնելով (խոսքը հատկապես  հոգեբանական, տնտեսական բռնություն և մի շարք այլ հասկացություններ ճշգրտելուն է վերաբերում), կանխարգելման ինստիտուտը ուժեղացնելով՝ հնարավորինս չպետք է թույլ տանք, որ հասարակության մեջ նման խնդիրներ լինեն:

«Հաճախ նյարդային խոսում են ավանդական, ազգային մտածողության մասին: Սակայն կա ազգային մտածողություն եւ պսևդոազգային մտածողություն: Ցավոք,  այս պսևդոազգային մտածողությունը երբեմն դառնում է գերակշռող, ինչը չի բխում ո՛չ մեր ավանդական կերպարից, ո՛չ մեր ազգային մտածողությունից, ո՛չ մեր աշխարհընկալումից:

Մենք, մեր ժողովուրդը միշտ եղել է ամենաառաջադեմ հայացքների կրողը, համամարդկային արժեքների արմատավորման մասնակից ենք եղել, բայց պետականության տևական  բացակայությունը, մեր միջավայրը, շրջապատը հաճախ մեզ այլ ընկալումներ են պարտադրել: Այս առումով, կարծում եմ, ընտանեկան բռնության կանխարգելումը, ընդհակառակը, բխում է մեր ազգային մտածողությունից:

Արժեհամակարգի մասին են խոսում. մեզ համար ազգայինը Մխիթար Գոշի արժեհամակարգն է, ով այն ժամանակ է դեռ այս խնդիրը դրել, Նարեկացու, Շնորհալու արժեհամակարգն է, ոչ թե այսօրվա ռաբիս երգիչներինը  կամ այդ տեսակ պսևդոազգային, պսևդոավանդական մտածողություն ունեցողներինը:

Ծայրահեղ դրսեւորումները պետք է կանխարգելվեն, որ հասարակությունն  ավելի առողջ լինի: Դաշնակցության արժեքային համակարգն ազգայինն է, բայց ոչ երբեք`պսևդոազգայինը:

Այս վերջին քննարկումների մեջ էլ ինձ համար մտածողության ճիշտ կերպը Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մոտեցումներն են, մեր լավագույն մտավորականներից մեկի՝ Ռուբեն Բաբայանի տեսակետներն են, ոչ թե` բարձր գոռգոռացողներինը:

Մենք աշխարհի մաս ենք: Ես չգիտեմ, որեւէ իսլամական պետություն նման օրենք ունի՞, թե՞ ոչ, բայց մենք այդ արժեքներով չենք առաջնորդվում: Կան հաշտ, համերաշխ ընտանքիներ  եւ փոքրաթիվ ընտանիքներ, որտեղ կան ծայրահեղ դրսեւորումներ, ինչը պետք է կանխարգելել: Սա նաեւ ենթադրում է պետական տարբեր ինստիտուտների պրոֆեսիոնալ մոտեցում: Մեր ազգային, ավանդական ընտանիքին սպառնացող  որեւէ վտանգ չեմ տեսնում»,- ասաց Աղվան Վարդանյանը: