Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ավարտվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները: Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:
Հարցով հարակից զեկուցող` ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ վերահաստատում է երեկ հնչեցրած իր դիրքորոշումը և համոզված է, որ այդ դիրքորոշումը դահլիճում գտնվող մեծամասնության կողմից հավանության է արժանանում, ապա կոչ արեց չվերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ:
«Մի' վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի' վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքար և այլ խնդիրներ:
«Ինչ վերաբերում է հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, այդ տեսակետն այլ տիրույթում է, և այդ տիրույթում ես անելիք չունեմ»,- ասաց Հովհաննիսյանը, ապա կոչ արեց, որ բոլորը կողմ քվեարկեն օրինագծին:
Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ ասաց. «Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք քննարկում այս օրենքը, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովին մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»: