Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ:
«Համանախագահները, սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են համանախագահների հովանու ներքո երկու ժողովուրդների առաջնորդների առաջին ուղիղ շփմամբ կարևոր հանդիպումը:
Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանության կարևորությունը և շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայությունը ռազմաճակատներում: Համանախագահները ողջունում են նաև երկու կողմից բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը և կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը:
Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարվածության թուլացման և ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարևորությունը: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք էապես կարող են փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, պարունակում են ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն:
Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:
Այն պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թթ. առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ.
Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն: