կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 17:10
Առանց Կատեգորիա

Դատախազությունը պնդում է`ՔԿ-ի հետ խնդիր չունեն

Դատախազությունը պնդում է`ՔԿ-ի հետ խնդիր չունեն

Վերջերս մամուլում աղմուկ հանեց Քննչական կոմիտեի ավագ քննիչի եւ դատախազ եղբայրների ծեծի պատմությունը: Այն, որ ուժային կառույցներում փոխհարաբերությունները մեղրային չեն, ակնհայտ է, բայց նաեւ անընդունելի է նման սրացումը: Կատարվածի վերաբերյալ արդեն ներկայացրել ենք Քննչական կոմիտեի գնահատականը: Այսօր կներկայացնենք նաեւ դատախազության տեսակետը: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանը պատասխանել է թեմային վերաբերող` Yerkir.am-ի գրավոր հարցմանը: Նշենք, որ նույնաբովանդակ հարցերով դիմել են նաեւ մի քանի ԶԼՄ-ներ:

Նախ անդրադառնալով ՀՀ ՔԿ պետի տեղակալի ասուլիսի ժամանակ հնչեցված այն հայտարարությանը, որ այս տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեում քննիչների կողմից ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ ամենաշատ միջնորդությունները ստացվել են դատախազների կողմից, որոնց ընդամենը 3.8 տոկոսն է եղել հիմնավոր, Հարությունյանն ասել է.

- Նախ` ուզում եմ նշել, որ քննիչների և դատախազների կարգապահական խախտումներին մոտենում ենք առաջին հերթին այդ խախտումների պատճառները վերացնելու, գործերի քննության ընթացքում քննչական, դատավարական ընթացակարգերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, սխալները շտկելու տեսանկյունից, ինչը, ինչպես նաև դատախազության կողմից ավելի մեծաթիվ միջնորդություններ ներկայացնելու փաստը պետք է համարել բնական՝ նկատի ունենալով քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու` դատախազության սահմանադրաիրավական լիազորությունը, որի իրացման արդյունքում էլ ի հայտ են գալիս նախաքննության ընթացքում քննիչի կողմից  թույլ տրված խախտումներն ու թերությունները:  

Բայց մեզ համար կարևորն այն չէ, թե քանի քննիչ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ դատախազի միջնորդության հիման վրա: Այլ խոսքով՝ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությունը չէ այն դատավարական միջոցը, որով դատախազը պետք է հասնի քրեական գործով նախաքննության օրինականության ապահովմանը:  Կոնկրետ գործերի քննության ժամանակ դրսևորվող թերությունները,  նախաքննության մարմինների կայացրած անհիմն որոշումների հետևանքները, քննության սխալ պլանավորումը հսկող դատախազների կողմից անմիջականորեն ուղղվում են դատախազական հսկողության կոնկրետ գործիքակազմով, ինչպիսին է, օրինակ, խախտում թույլ տված քննիչներին վարույթից հեռացնելը, անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ տալը, անհիմն և անօրինական որոշումները վերացնելը և այլն: Իսկ կոնկրետ քննիչների, երբեմն նաև նրանց անմիջական վերադասի, ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության միջնորդությունները համակարգային հարցերի լուծմանն են ուղղված, մասնավորապես` այդ միջնորդությունները նպատակ ունեն իրազեկելու Քննչական կոմիտեի ղեկավարությանը քննչական կոնկրետ  բաժնում տիրող իրավիճակի վերաբերյալ, շեշտադրելու որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որպեսզի Քննչական կոմիտեի ղեկավարության կողմից ձեռնարկվեն ադեկվատ կազմակերպչական միջոցառումներ, այդ թվում՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կադրային համալրումների, տեղաշարժերի ձևով: Ի դեպ, նույն մոտեցումը դատախազների կողմից ցուցաբերվում է նաև ՀՔԾ վարույթում քննիչների վերաբերյալ քննվող բազմաթիվ գործերով,  երբ հաստատվում է այս կամ այն խախտումը թույլ տալու փաստը, սակայն, հաշվի առնելով դրանց՝ նվազ կարևորության պատճառով հանրային վտանգավորություն չներկայացնելու հանգամանքը, քննիչները չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: 

Բացի այդ` դատախազների կողմից ներկայացվող միջնորդությունների և դրանց քննարկման արդյունքների ուսումնասիրությունը վկայում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատախազի կողմից մատնանշված՝ քննիչի կողմից թույլ տրված այս կամ այն խախտման փաստի բացակայությանը, ինչը բացառվում է, այլ խախտման և  համարժեք կարգապահական տույժի որևէ տեսակի կիրառման համաչափության ընտրությանը: Ավելին` բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ ծառայողական ուսումնասիրությունների արդյունքում փաստվել են միջնորդություններում արձանագրված խախտումները, որոնք դարձել են քննարկման առարկա, և համապատասխան քննչական ստորաբաժանման ղեկավարության ուշադրությունն է հրավիրվել դրանց վրա՝ հետագայում նման խախտումները բացառելու նպատակով: Նման դեպքերում խախտում թույլ տված քննիչների նկատմամբ ցուցաբերվող մոտեցումներում շատ հաճախ էական նշանակություն է տրվում կոնկրետ քննչական ստորաբաժանման կամ կոնկրետ քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությանը, մինչ այդ վերջինիս դրսևորած վարքագծին, բնութագրին, ինչին ըմբռնումով ենք մոտենում` նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեն, իբրև նորաստեղծ պետական մարմին, դեռևս առկա բազում, այդ թվում` որակյալ, փորձառու կադրերով համալրվելու խնդիրներ պետք է լուծի:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, կցանկանայի փաստել, որ ցանկացած պարագայում, միևնույն է, կոմիտեի ղեկավարությունը պատասխանատու է աշխատանքների ճիշտ կազմակերպման, ղեկավարման, կադրերի կառավարման մեթոդների ճիշտ ընտրության, այլ խոսքով՝ նախաքննության հնարավորինս բարձր որակ ու արդյունավետություն ապահովելու համար:

Ասուլիսում ՔԿ պետի տեղակալը հայտարարել է, որ օրերս դատախազները քննիչին ծեծի են ենթարկել բանավոր ցուցումը չկատարելու համար, այն դեպքում, երբ օրենքը պահանջում է ցուցումները տալ միայն գրավոր:

Դատախազության արձագանքը.

Նախ՝ տեղի ունեցածն ինքնին անընդունելի է, որին ՀՀ դատախազության կողմից հետևել է համաչափ արձագանք: Մասնավորապես` այդ միջադեպին մասնակից դատախազների կողմից իսկ ներկայացված զեկուցագրերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել:

Բացի այդ, նկատի ունենալով այն, որ  դեպքի մասին քննիչն ահազանգել է 1-02 և դեպքից երկու օր անց ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել, դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ, որի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՔԾ-ին: Ավելին չէի ցանկանա մանրամասնել՝ կատարվող քննության շահերից ելնելով:  Միայն կարող եմ վստահեցնել, որ իրականացվում և իրականացվելու է  դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտում, որի արդյունքներով  կայացվելու են անաչառ և արդարացի որոշումներ:  Մեկ բան ակնհայտ է` դատախազներն այդ օրը գտնվում էին քննչական բաժնում՝ տեղում քննիչների և քննչական բաժնի պետի հետ օպերատիվ կերպով քրեական գործերը քննարկելու, քննությունը պլանավորելու, անհրաժեշտ դատավարական որոշումներ կայացնելու նպատակով, ինչը դատախազի կողմից արդյունավետ համագործակցության նախաձեռնության դրսևորում է: 

Եթե խոսենք կոնկրետ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության և նույն տարածքի քննչական բաժնի մասին, ապա պետք է փաստեմ, որ դատախազության ստորաբաժանման և նախաքննական մարմնի միջև ձևավորված առողջ համագործակցությունը, որպես կանոն, աչքի է ընկել  արդյունավետությամբ, ավելին`  այդ դեպքից կարճ ժամանակ առաջ նույն բաժնի քննիչներից մեկն իր հետագա գործունեությունը դատախազական համակարգում շարունակելու հայտ է ներկայացրել, որը բավարարվել է, և ներկայումս նա աշխատում է նույն վարչական շրջանների դատախազությունում: Ներկայումս նույն բաժնից ևս երեք քննիչ էլ նման ցանկություն է հայտնել:

Ամփոփելով նշված դեպքի մասին խոսքը՝ ցանկանում եմ նշել, որ այդ միջադեպն ակնհայտ մասնավոր, խիստ լոկալ բնույթ ունի, որի պատճառները կպարզվեն, և ակնհայտ անընդունելի, ոչ լեգիտիմ նպատակ հետապնդող տրամաբանությամբ միայն կարելի է այդ միջադեպը ընդհանրացնել, գեներացնել:

Ինչ վերաբերում է դատախազի կողմից բանավոր ցուցումներ տալուն, ապա քրեադատավարական օրենքը հստակ կարգավորում է դատախազի կողմից, այդ թվում` նաև բանավոր ցուցում տալու ընթացակարգը: Բայց իրական կյանքում անխուսափելի և բազմաթիվ են դեպքերը, երբ անմիջական շփումներում քննիչը, հսկողություն իրականացնող դատախազը, ելնելով նախաքննության օպերատիվությունն ու արդյունավետությունն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից, միասին պլանավորում են նախաքննությունը, դատավարական որոշումների հիմքերը, պայմանները: Սա արդյունավետ համագործակցության դրսևորում է, որը, սակայն, երբեք չի բացառել տարակարծությունների դեպքում օրենքով սահմանված ընթացակարգերի գործարկումը:   

Հարցին` արդյո՞ք այս դրսևորումները չեն խոսում դատախազության և Քննչական կոմիտեի միջև հակադրության առկայության մասին, դատախազության ներկայացուցիչն արձագանքել է.

- Բացառված է: Քննչական կոմիտեի պարագայում, հաշվի առնելով, որ այն նորաստեղծ կառույց է, ՀՀ գլխավոր դատախազի պահանջն է եղել ամենօրյա հոգատարություն ցուցաբերել՝ նրա բնականոն գործունեության ապահովմանը նպաստելու նպատակով: Եվ տարվում է արդյունավետ, համագործակցված աշխատանք՝ յուրաքանչյուր գործով քրեական դատավարության խնդիրները լիարժեք ապահովելու, վարույթի մասնակիցների դատավարական իրավունքներն անշեղ ապահովելու նպատակով: Բացի քրեադատավարական օրենքով նախատեսված ուղղակի մեխանիզմների կիրառումից, դատախազների կողմից ամենօրյա մասնագիտական, մեթոդական աջակցություն է ցուցաբերվում Քննչական կոմիտեի քննիչներին: Եվ դա բնական է, քանի որ համակարգը որակյալ, փորձառու քննիչներով համալրված լինելու, նախաքննությունը հնարավորինս արդյունավետ իրականացնելու խնդիրը համապետական նշանակություն ունի: