Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ մենք նպատակ չունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին:
«Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր գործընկների, առավել ևս` բարեկամների շահերը միմյանց հակադրելու ձգտումով: Հակառակը` մենք միշտ ձգտել ենք համադրել այդ շահերը: Սա է յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, որը գնահատվում է նաև գործընկերների կողմից»,- ասաց նա:
Բաբլոյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր եզակի է այն առումով, որ կամուրջ է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի երկրների միջև: «Ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմք է քաղաքական երկխոսությունն ամրապնդելու և տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ շարունակելու, ժողովրդավարության, բարեկեցության, կայունության և համգործակցության հայ եվրոպական միասնական տարածք ստեղծելու համար»,- ասաց նա:
Բաբլոյանը նշեց, որ ՀՀ-ն ԵՄ-ին դիտարկում է որպես ոչ միայն առևտրատնտեսական գործընկերոջ, այլև` օրենսդրական, իրավական, գիտատեխնիկական հարուստ փորձ ունեցողի: «Մենք միմյանց տալու շատ բան ունենք, և դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխահարաբերություն և համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև»,- հայտարարեց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս ԵՄ անվտանգության համակարգին, որը հիմնվում է ԵՄ-ԵԱՀԿ-ՆԱՏՕ եռանկյունու վրա:
«ԵԱՀԿ-ն Արցախյան համակարտության ամենաակտիվ մասնակիցն է: Մյուս կողմից` մեզ համար կարևորագույն նշանակություն ունի անդամակցությունը հետխորհրդային և ԱՊՀ տարածքում անվտանգության գլխավոր երաշխավոր կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին: ՀՀ-ն լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունը անվտանգության այս երկու համակարգերի հետ՝ որոշակի դեր ունենալով նաև նրանց միջև առկա խնդիրների հարթեցման գործում», - նշեց Բաբլոյանը: