| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգ հրապարակում։
Համերգի առաջին մասում կներկայացվեն ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի երկու ստեղծագործություններ` «Ամառային գիշերվա երազը» սիմֆոնիկ նախերգանքը, որը նա գրել է 17 տարեկանում, և հանրահայտ Ջութակի կոնցերտը։ Նվագախմբի հետ, որպես մենակատար, հանդես կգա մեծահամբավ ջութակահար Էսթեր Յուն, ով, ի դեպ, նվագում է 1704-ին Ստրադիվարիուսի ստեղծած ջութակով, որը երաժշտին տրամադրել է մասնավոր մի կոլեկցիոներ։
Համերգային ծրագրի երկրորդ մասում ընդգրկված են աշխարհի թերևս ամենահայտնի բալետներից մեկի՝ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ»-ից հատվածներ։
Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության փորձ ունեն։ Սմբատյանը 2017թ. երկրորդ անգամ է ղեկավարում այս կոլեկտիվը, և ջերմ կապ է ստեղծվել երաժիշտների ու դիրիժորի միջև։ 1968թ. հիմնադրված Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որ մյուս տարի նշում է իր հոբելյանը՝ 50-ամյակը, այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում՝ ինչպես Մալթայում, այնպես էլ հյուրախաղերով հանդես գալով այլ երկրներում։