Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։ Նշենք, որ Սերգեյ Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, որ հանդես է եկել «Քարնեգի հոլ»-ում:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել մեծ ճանաչում ունեցող երգչուհի Քարլի Պաոլին (մեցցո-սոպրանո), հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը` իր ժամանակի ամենապայծառ երաժիտներից մեկը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստներ Ինո Միրկովիչը (ջութակ), Միլթոն Մասքիադրին (կոնտրաբաս)։ Ծրագրում հնչել են Պիացոլայի «Տարվա ժամանակները», Մենդելսոնի 10-րդ սիմֆոնիան, Շուբերտի, Բոտտեզինիի, Գերշվինի, Էլգարի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երկու մասից բաղկացած գալա-համերգը տևել է մոտ երկուսուկես ժամ։
Համերգը կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակում։ Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ՝ Կորեայի կամերային նվագախմբի հաջորդ բեմելը հոկտեմբերի 31-ին Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայի «Ջորդան հոլ» դահլիճում է։
Համերգները Միացյալ Նահանգներում անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և մաս կազմում միջազգային այս կազմակերպության 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին։