կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 13:03
Մշակույթ

Համահայկական նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ժամանակ

Համահայկական նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ժամանակ

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 13-ին ելույթ կունենա դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում: «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես «Օսկար»-ը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, «Բուկեր»-ը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական է. նշվում է դրա 40-ամյակը։

Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին, որը հանդես կգա մրցակցությունից դուրս, կմիանան դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի»նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։ 

Նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված է մաեստրո Սերգեյ Սմբատյանին, ով, ի դեպ, Լոնդոնում ուսանել է հենց սըր Քոլին Դևիսի մոտ։

Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ կհեռարձակվի medici.tv-ով. այդպիսով` ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կստանան դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները:

«Գրամոֆոն-2017»-ի հանդիսավոր երեկոն տեղի կունենա Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում:

«Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշում է, որ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը բաղկացած է աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ «Համահայկական նվագախմբի մասնակցությունն այս միջոցառմանն իսկապես կհաղորդի միջազգային հնչեղություն: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի երեկոյի ընթացքում վայելենք հայկական երաժշտությունն այն մարդկանց կատարմամբ, ովքեր իսկապես արձագանքում են դրա կախարդանքին»,- ասում է Ջեյմս Ջոլին: