Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբևէ նման քանակի մտահոգություններ, ահազանգեր չեն ստացվել քաղաքացիներց` կապված գնաճի հետ. լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Միշտ գնաճին արձագանք եղել է, բայց մտավախություն, որ հնարավոր է նույն ապրանքներն էլի թանկանան, չենք ունեցել, թեև ավելի լուրջ գնաճի դեպքեր էլ ենք ունեցել»,- ասաց նա:
Ըստ Պիպոյանի` քաղաքացին հիմա ունի մտավախություն, որ ով ինչ ուզի, կարող է թանկացնել: Նա նշեց, որ այնպես չէ, որ քաղաքացիների մտահոգություններն անհիմն են, և այս կտրուկ գնաճերը կապեց մրցակցային մարմնի վերահսկելու գործիքակազմերի բացակայության հետ ու օրինակ բերեց բենզինի գնաճը:
«Ապրիլին, երբ բենզինը թանկացավ, մրցակցային մարմինը նշեց, որ գները նորմալ են: Այն ժամանակը բենզինը գնում էին 220-ով, իսկ հետո` 280-ով, բայց ամենատարօրինակն այն է, որ կարող էին 280-ով չգնել: Մրցակցային մարմինը գործիք չունի, որ ասի` ինչի՞ ես 280-ով գնում: Նա տեսնում է, որ ձեռք բերման գինն այդքան է դրան էլ չի խառնվում: Օրենսդրությունը կարգավորվում է այդպես»,- ասաց Պիպոյանը:
Ըստ նրա` նման դեպքերում պետությունը պետք է ոլորտ մտցնի այլ խաղացողների, որպեսզի գինը բալանսավորվի: «Մենք ավելի շատ խոսում ենք, որ բիզնեսի համար հավասար պայմաններ են ստեղծված, քան բիզնեսի համար հարմար պայմաններ ենք ստեղծում»,- ասաց նա:
«Եթե մենք տարբեր ապրանքների գների թանկացումը կապում ենք միջազգային շուկաներում թանկացման հետ, բայց հաշվի չենք առնում, որ միջազգային շուկայում, որտեղ գնանկում կա, մեր երկրում չկա, այնտեղ, որտեղ գնաճ կա, մեր երկրի վրա միանգամից ազդում է: Դեմ չեմ, որ եթե գնաճ կա, մեզ վրա ազդի, բայց պետք է ազդի նաև գնանկումը: Եթե մեզ մոտ գնանկումներ էլ լինեին, քաղաքացու գրպանի վրա այդ գնաճը չէր ազդի»,- ասաց Պիպոյանը:
Նա նշեց, որ միջազգային շուկայում շաքարավազի գնի 30% գնանկում է տեղի ունեցել: «Մեզ մոտ եղե՞լ է: Կարագի գինը եթե միջազգային շուկայում թանկացել է, ապա կաթնամթերքի գինը էականորեն նվազել է: Մեր երկրում մյուս կաթնամթերքի գինը չի նվազել, անգամ` մի փոքր էլ թանկացել է, կարագն էլ էական է թանկացել: Դրա համար մեր կենցաղում սոցիալական վիճակն ավելի է վատացել: Այստեղ միայն նվազագույն աշխատավարձի խնդիրը չէ, որ կյանքն այնտեղ լավ է, այլ համահավասար տատանումներն են, որը մեր երկրում չեն պահվում»,- ընդգծեց բանախոսը:
Նրա խոսքով` պետությունը դեռ ամառվանից գիտեր, որ զելանդական կարագը թանկանալու է, բայց ոչինչ չի արվել այս ուղղությամբ: «Կանխատեսվում էր զելանդական կարագի բարձր գին. Զելանդիան խնդիրներ ուներ: Պետք է այստեղ հայ գյուղացու և վերամշակողների հետ աշխատանքներ տարվեին, որպեսզի երկրի ներսում ավելացնեին տեղական արտադրանքի ծավալները»,- ասաց Պիպոյանը, ապա բացատրեց, որ այդ դեպքում մրցակցություն կլիներ, և այսչափ չէր բարձրանա գինը:
Ըստ նրա` քանի որ տեղական արտադրանքի ծավալն էլ քիչ է, տեղական կարագի գինն էլ է բարձրացել: «Կա նաև թեզ, որ պետությանն այս գնաճը ձեռնտու է` կապված հարկահավաքի հետ: Եթե հարկահավաքի տեսանկյունից դիտարկենք, ապա ինչքան թանկ են վաճառում ապրանքը, այնքան հարկի շրջանառությունը շատ է»,- ասաց Պիպոյանը, ապա հավելեց, որ այս ամենը գործադիր իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք է: