կարևոր
6619 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 21:27
Հասարակություն

Պարզվում է, որ սպանդանոցների մի մասն էլ կասեցման ենթակա է. Բաբկեն Պիպոյան

Պարզվում է, որ սպանդանոցների մի մասն էլ կասեցման ենթակա է. Բաբկեն Պիպոյան

«Ասում են. «գնեք միայն սպանդանոցային ծագման միս»: Լավ են անում, բայց հետո պարզվում է, որ երկրին պետք է, պայմանական, 100 կգ միս, իսկ սպանդանոցները կարողանում են ապահովել օրական առավելագույնը, էլի պայմանական, 70 կգ»,-ՍԱՏՄ պարտադրանքի մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկան Պիպոյանը։

Շարունակելով թեման՝ նա ընդգծել է.

«Դա էլ հերիք չի, մի բան էլ պարզվում է, որ սպանդանոցների մի մասն էլ կասեցման ենթակա է: Մեկդ ասեք. «տո այ, «սիրելիներ», նոր փոփոխություններ անելուց առաջ, բարդ է՞ր, մի հատ ստուգել, տեսնել, որն է փակելու ենթակա, որը ոչ: Բարդ է՞ր հասկանալ, որքան է իրական պահանջարկը, որի առաջարկը պետք է լինի ու այդ պահանջարկի բացը, որը սպանդանոցները չեն հասցնելու սպասարկել՝ լրացուցիչ ինչ գործիքներով է փակվելու: Ի՞նչ գործիքակազմ է հարկավոր, որ համ սպանդանոցները անգործությունից չփակվեն, համ մարդիկ ուտելու միս կարողանան գնել»:

Մեկդ հարցրեք, էլի, թե չէ, որ ես եմ հարցնում, մտածում են քրֆում եմ: Ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել, որ միշտ չի, որ քրֆում եմ, մեկ-մեկ հարց էլ եմ տալիս»։

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն այսօր հայտարարեց՝ Լոռիում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը։ «Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ)։

Տեսչական մարմինը դեկտեմբերի 15-ից սկսել  է վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում։

Միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։