Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում քննարկվում է բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ խնդիրը երկակի է և դժվար լուծելի: «Եկեք արդարացի լինենք. երբեմն բժիկկն էլ կարող է դրդապատճառ լինել, որպեսզի պացիենտը կամ բարեկամները բռնություն կիրառեն»,- ասաց նա:
Պատգամավորը համաձայնեց, որ կարող է լինել հոգեկան խանգարումներով այցելու կամ քրեական տարր, որը բռնության կդիմի:
«Այդ դեպքում չե՞ք մտածում ապահովել բժիշկներին տեսախցիկներով կամ ձայնագրող ապարատներով, որ հետագայում արդարություն լինի, որ, իրոք, մեղավորը պատժվի»,- հարցրեց Մարգարյանը:
Կարեն Ավագյանը պատասխանեց, որ եթե տեսախցիկների հետ կապված նախաձեռնություն լինի, կմիանա: «Խնդիրը միայն Հայաստանին բնորոշ բան չէ, բժիշկներին բռնության ենթարկելը աշխարհում տարածված է, և պատահական չէ, որ շարժումներ կան, որտեղ ժամանակ առ ժամանակ անհանգստանում են այս խնդրով: Մեր խնդիրը բացառապես կանխարգելելն ու պաշտպանելն է: Կլինեն չակերտավոր տղամարդիկ, որ բժիշկ ծեծելը մեծ տղամարդկություն կհամարեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասաց նա:
Ելույթով հանդես եկավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դահլիճում չկա մեկը, ով կողմ լինի բռնությանը` անկախ նրանից` ում հանդեպ է դա կիրառվում: «Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար քրեական օրենսգրքով արդեն նախատեսվում է հստակ պատժամիջոց»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց նաև, որ առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտող պատիժը խստացնել: «Որպես նախկին լրագրող` օգտվելու եմ իմ` պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք, որ քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով, մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք»,- ասաց պատգամավորը: Ես բռնության կոչ չեմ անում, բայց ես ուզում եմ ասել, որ քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և տրամաբանական չէ առանձին մասնագիտություններով տարբերակել ու ծանրաբեռնել օրենսգիրքը: Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Օրենքի հեղինակ Կարեն Ավագյանը տարակուսեց, որ չէին էլ կարող պատկերացնել, որ նման քննարկում կծավալվի օրենքի շուրջ, եւ որ բժիշկներին այլ մասնագիտությունների մարդկանց հետ համեմատելը տեղին չէ: