կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 17:59
Հասարակություն

Գազահամակարգի արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր պետք է արվեն

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան սկսում են Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կանխատեսումները վատատեսական են՝ ռուսները բարձրացնելու են գազի սակագինը, ինչի վրա ազդելու են քաղաքական գործոնները։ «Տեղեկատվական արտահոսք եղավ, որ նախատեսվում է 1000 խ/մ-ի համար սահմանել 215 դոլար գին, որն ըստ էության, բանակցություններից առաջ հող պատրաստող հայտարարությունն էր, հասկացնելու համար, որ հայկական կողմը չփորձի ցածր գնով գազի պահանջներ ներկայացնել։ Այստեղ մեր քաղաքական իշխանությունների բանակցությունների արդյունավետությունը կերևա։ Երբ խոսում ենք գազամատակարարման արդյունավետության մասին, պետք է խոսենք նաև այս մասով՝ մեր քաղաքական իշխանությունները ինչպիսի բանակցային արդյունավետություն կունենան»,-ասաց նա։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ նախորդ 2 տարում «Գազպրոմ Արմենիան» աշխատել է վնասով, ընդհանուր՝ 27 միլիոն դոլար։ Այսօր ռուսական ընկերությունը խնդիր ունի հետ բերել կորցրածը՝ գազի գինը բարձրացնելով 10%-ի չափով։ Այդուհանդերձ, տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի այս կառավարությունը ռուսների հետ բանակցություններին կներկայանա գազի գինը չթանկացնելու սեփական փաստարկներով։ «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի հայտնաբերած հարկային չարաշահումները, չհիմնավորված ծախսերն ու գնումներում ռիսկերը հայկական կողմը կդնի ռուսական կողմի սեղանին։ «Մեզ անհրաժեշտ է գտնել 57 մլն դոլարի չափով չհիմնավորված ծախսեր որպեսզի սակագինը մնա նույնը։ Գազպրոմ Արմենիան տարիներ շարունակ ներդրումներ չի կատարում կորուստների կրճատման ուղղությամբ, զարմանալի է, բայց փաստ է դա։ Պետք է պարտադրենք, որ ներդրումներ կատարի։ Գազահամակարգի արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր պետք է արվեն և գումարներ են հարկավոր։ Սա էլ կարող է հայկական կողմից նախապայման դրվել ռուսական ընկերության առաջ՝ եթե գինը բարձրացնում եք 150-ից 165 դոլար, ուրեմն ակնկալում ենք ներդրումներ մեր համակարգում»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Սուրեն Պարսյանի պնդմամբ՝ գազի գինը երկարաժամկետ հեռանկարում ցածր և կայուն կարող է մնալ, եթե ամբողջությամբ գործի ԵՏՄ-ի՝ 2016 թվականի համաձայնագիրը։ Ըստ դրա՝ ԵՏՄ բոլոր պետությունները մոտ ապագայում պիտի ունենան էներգետիկ միասնական շուկա, իսկ գազի գինը պետք է հարաբերականորեն մրցունակ լինի։ «Շատ հետաքրքիր մի դրույթ կա այդ համաձայնագրով, որ ԵՏՄ սահմանամերձ շրջանների գազի միջին տարեկան գինը պետք է շատ շեղում չունե նա։ Օրինակ՝ Կրասնոդարի և Հայաստանի գազի միջին տարեկան գինը չպետք է շատ իրարից տարբերվեն»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի հաշվարկներով՝ եթե Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին դարձնի 215 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի համար, շարքային սպառողը այսօրվա 139 դրամ 1 խ/մ գազի դիմաց կվճարի 175-ից 180 դրամ։ Սուրեն Պարսյանի խոսքով՝ սա կբերի համատարած թանկացման․ «Դրա հետևանքով մենք ունենալու ենք սոցիալական լուրջ հետևանքներ և անշուշտ՝ տնտեսական։ Մեր երկրում արտադրվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը ավելանալու է և մենք մրցակցային առավելությունը կորցնելու ենք միջազգային շուկայում»։

Սուրեն Պարսյանը Կառավարությանը հորդորում է մտածել իրանական գազի ծավալները մեծացնելու մասին։ Հայաստան մտնող գազի խողովակը թույլ է տալիս ներկրել 1․7 միլիարդ խ/մ գազ։ Դա կբավարարի Հայաստանի ամբողջ գազի պահանջարկի 70%-ը։

Նյութը` Factor.am