կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-14 11:40
Տարածաշրջան

Թուրքիան աշխարհում առաջին տեղում է կալանավորված լրագրողների թվով

Թուրքիան աշխարհում առաջին տեղում է կալանավորված լրագրողների թվով

Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում 262 կալանավորված լրագրող կա: Այս մասին տեղեկացնում է BBC Türkçe-ն:

Կոմիտեի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենաշատ ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանը և Եգիպտոսը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվն այս տարի կազմում է 73՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8-ով: Այնուամենայնիվ, Թուրքիան արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենից շատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է աշխարհում:

«2016թ. թուրքական մամուլի դեմ սկսված ճնշումները հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ավելի սաստկացան: Պաշտոնյաները որոշ լրագրողների մեղադրել են միայն Bylock հաղորդագրությունների փոխանակման հավելվածն օգտագործելու կամ ենթադրաբար գյուլենական կառույցին պատկանող բանկերում հաշվեհամարներ ունենալու համար»,- ասված  է զեկույցում:

CPJ-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում ազատազրկված լրագրողների 74 տոկոսը մեղադրվում է հակակառավարական գործունեություն ծավալելու մեջ, որոշ մասը՝ հակաահաբեկչական օրենքների շրջանակներում: Նման օրենքների միջոցով, ըստ իրավապահ կառույցի, փորձ է արվում լռեցնել լրագրողների քննադատական խոսքը:

Հավելենք նաև, որ 2017թ. դրությամբ Չինաստանում անազատության մեջ է 41, իսկ Եգիպտոսում ՝ 21 լրագրող: