Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՍԴ-ն հրապարակել է Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ՍԴ որոշումը, համաձայն որի` ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։
Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ՍԴ-ն որոշում չի կայացրել, թե Վանաձորի ավագանին նիստերն ու որոշումներն ապօրինի է կայացրել:
«Սահմանադրությանը հակասող են ճանաչվել ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ կետը և դրան համապատասխան նաև մեր կողմից ընդունած մի քանի որոշումներ: Ժամկետ է դրվել մինչև 18 թվականի մարտի 31-ը, որպեսզի ԱԺ-ն փոփոխություններ կատարի համապատասխան օրենքի մեջ, և դրան համապատասխան մենք էլ մեր որոշումների մեջ փոփոխություններ անենք: Ընդամենը այսքան բան»,- ասաց քաղաքապետը:
Ասլանյանը նշեց, որ ՍԴ որոշման մեջ ավագանու իրավազորության կամ օրենքի հակառակ գործելու մասին որևէ բան չկար, քանի որ, ըստ նրա, տվյալ պահին գործող օրենքով են իրենք որոշումներ կայացրել: «Մեր որոշումները որևէ կերպ չեն հակասել 64 հոդվածի 3-րդ կետին, մեր լիազորությունները մենք կիրառել ենք օրենքի տառին համապատասխան: Հիմա եթե ՍԴ-ն որոշել է, որ հակասել են մեր որոշումները, երբ Ազգային ժողովը փոփոխություն կմտցնի օրեքնի մեջ, մենք էլ մեր իրավազորության խնդրի մեջ փոփոխություն կմտցենք»,- եզրափակեց նա:
Նշենք, որ ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Մինչդեռ` հին ՏԻՄ օրենքով Վանաձորի ավագանու նիստը վավեր է, եթե ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: