կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 17:38
Աշխարհ

ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ-ում խաղաղ իշխանափոխությունը` հորդորելով բոլոր քրեական գործերը վարել օրենքի տառին համապատասխան

ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ-ում խաղաղ իշխանափոխությունը` հորդորելով բոլոր քրեական գործերը վարել օրենքի տառին համապատասխան

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հաստատել է զեկույց Վեհաժողովի մոնիթորինգային ընթացակարգերի և դրանց ժամանակավոր վերանայման մասին: 

ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վեհաժողովը գոհունակություն է հայտնել ամբողջական մոնիթորինգային գործընթացի տակ գտնվող 10 երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա) ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների իրագործման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ ԵԽԽՎ-ն ողջունել է մի շարք երկրներում արձանագրված դրական զարգացումներն ու առաջընթացը: Ինչ վերաբերում է Հայաստանին` ԵԽԽՎ-ն ընդգծել է խաղաղ իշխանափոխությունը, որն իրականացվել է նոր Սահմանադրության դրույթների համաձայն:

Այնուամենայնիվ, վեհաժողովը չի թաքցրել իր մտահոգությունները` Հայաստանի մասով նշելով, որ ՀՀ իշխանություններն ընտրությունների անցկացումից հետո պետք է առանցքային ոլորտներում` ընտանեկան բռնության դեմ պայքար, ընտրություններում ձայների գնման, ինչպես նաև վարչական ռեսուրսների կիրառման դեմ արդյունավետ օրենսդրության ընդունում, վերսկսեն բարեփոխումների իրականացումը:

Հայտարարության մեջ անդրադարձել է կատարվել նաև Մարտի 1-ի գործին: ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին հորդորել է ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանությունն օրենքի տառի, արդարադատության անկախության և ազնիվ դատավարության սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: