Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի, և Փարիզի ակադեմիան` ի դեմս Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի Համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուի, այսօր կնքել են գործընկերության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակը կողմերի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ստեղծումն է՝ երկու երկրներում կրթական համագործակցության ծրագրերի զարգացմանը նպաստելու նկատառումով:
ՀՀ ԿԳ նախարարի նախարարի Վահրամ Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ փաստաթղթի ստորագրումը նոր հնարավորություն է` Հայաստանում ֆրանկոֆոն համատեղ կրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նրա խոսքով` համաձայնագրով երկու կողմերը կնպաստեն ուսանողների և աշակերտների շարժունության ապահովմանը: «ՄԵնք պետք է անենք հնարավորը` մեծացնելու երիտասարդների հետաքրքությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ: Առաջիկայում հանրությունն ականատես կլինի այս ուղղությամբ լուրջ կրթական ծրագրերի իրականացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը:
Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ժիլ Պեկուն իր հերթին նշել է, որ այսօր ստորագրվել է պատմական փաստաթուղթ, որը լիովին իր մեջ ներառում է երկու երկրների մտավոր, մշակութային և քաղաքական հարաբերությունները: «Համաձայնագիրը նաև հեռանկարներ է բացում մեր երկու երկրների առջև` հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ: ՄԵնք պետք է մեր ամբողջ ներուժը ներդնենք ոչ միայն Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և դպրոցի կայացման, այլ նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի զարգացման ուղղությամբ»,-նշել է Ժիլ Պեկուն` ընդգծելով, որ պատահական չէ, որ փաստաթղթի ստորագրմանը ներկա է գտնվում ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը, ով, ռեկտորի խոսքով, իր ստանձնած առաքելության կարևոր բաղադրիչ է համարում կրթությունը:
Նշենք, որ համաձայն փաստաթղթի` կողմերը պարտավորվում են սատարել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ծրագրերը, մասնավորապես ֆրանսերենի կամ ֆրանսերենով դասավանդվող դասընթացներ առաջարկող հայկական համալսարանների և Փարիզի գործընկեր համալսարանների միջև` խրախուսելով ուսանողների և դասավանդողների շարժունության, ինչպես նաև համատեղ հետբուհական կրթության և հետազոտական ծրագրերի զարգացումը, խրախուսել սովորողների շարժունությունը մասնագիտական կրթության ոլորտում և այլն:
Միջոցառման ընթացքում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցը և Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցը ևս ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ ֆրանսերեն լեզվով դասավանդում իրականացնող այս երեք ուսումնական հաստատությունների միջև համագործությունն ամրապնդելու նպատակով:
Նշենք, որ Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի դպրոցական և համալսարանական տեղամասն է, որտեղ 2017-2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ՝ 1124 դպրոցական հաստատություններում և 337 906 ուսանող, որոնցից 60 000-ը` օտարերկրացի: Ակադեմիայի ռեկտորը նշանակվում է հանրապետության նախագահի կողմից և սահմանում այս հաստատությունների կրթական քաղաքականությունը և համակարգում նրանց գործունեությունը (շուրջ 28 000 աշխատակից):