կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 17:32
Հասարակություն

Հայ-իտալական կրթական համագործակցության հեռանկարներ

Հայ-իտալական կրթական համագործակցության հեռանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և  այս օրերին աշխատանքային այցով  Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները:

Ողջունելով  հյուրերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր են իրականացվում մեր երկրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման, խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացման ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացրել է, որ  առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է նաև հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը ընդգծել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կարող է դառնալ հայ-իտալական բարեկամության կրթամշակութային կենտրոն:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Դել Մոնակոն վերահաստատել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանն աջակցելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանի խոսքով, այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի կրթության համակարգի տարբեր կառույցների՝ այդ թվում նաև «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի ներկայացուցիչները տպավորված են հանրակրթական դպրոցներում աշակերտների ու ուսուցչական կազմի հետ հանդիպումներից: Իտալական կողմի ներկայացմամբ՝ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիան, որի հիմնական գործառույթն է իտալերեն լեզվի իմացության հավաստագիր տրամադրելը և ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպումը, ներկայացուցչություններ ունի աշխարհի շուրջ 200 երկրում և կարող է գործուն մասնակցություն ունենալ Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցի հիմնադրման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: 

ԿԳՆ