կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-01 11:44
Հասարակություն

Հայ-չինական կրթական համագործակցության հեռանկարներ

Հայ-չինական կրթական համագործակցության հեռանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուային և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության և գիտության ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը:

«Որպես երկու հնագույն ժողովուրդներ` մենք ունենք ընդհանրություններ. երկուստեք մեծ է հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Առհասարակ, կրթությունը լավագույն ներդրումն է: Բացի այդ, մեր երկրում չինարեն լեզվի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա, հետևաբար ակնկալում ենք չինական կողմի աջակցությունը` չինարեն լեզվի ուսուցիչների պատրաստման գործում»,-նշել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես Բոլոնիայի գործընթացի անդամ,  եվրոպական կրթական համակարգի մաս է:

«Մեր դռները միշտ բաց են աշխարհի առջև. միջպետական համաձայնագրերի շրջանակում մեր երկու երկրների ուսանողները ստանում են համապատասխան կրթություն, որն էլ իր հերթին նպաստում է երկկողմանի համագործացության խորացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան: «Հայաստանն իսկապես կրթական և մշակության մեծ ավանդույթներ ունի. այստեղ ևս, ինչպես Չինաստանում, կարևորում են կրթության դերը»,-նշել է նա` տեղեկացնելով, որ Հայաստան այցի ընթացքում չինական պատվիրակությունը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որի ընթացքում քննարկվել են երկու բուհերի համագործակցության ուղղությունները, ՀՊՄՀ-ում չինարենի՝ որպես մասնագիտության ներդրման նախապայմանները, համատեղ ծրագրեր ու պլաններ կազմելու վերաբերյալ մի շարք հարցեր: «Օտար լեզվի իմացությունը շատ կարևոր է միջմշակութային հաղորդակցության առումով: Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտն ունի առաջատար մի շարք համալսարանների հետ միջազգային համագործակցության մեծ փորձ և արդյունքներ, ինչը նոր համագործակցության համար կարևոր պայման և լավ սկիզբ է: Հետևաբար, չինական կողմը հնարավորինս կաջակցի Մանկավարժական համալսարանին` կյանքի կոչել այս ծրագիրը: Եվ եթե այդ բուհում չինարենը ներդրվի որպես մասնագիտություն, ապա երկու երկրների համար էլ այն մեծ կարևորություն կունենա»,-նշել է Չժու Ժույպին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության այլ հարցեր:

ՀՀ ԿԳՆ