Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղուց է հայտնի, որ Փաշինյանը չի կարողանում կատարել իր պաշտոնից բխող պարտավորությունները և վաղուց էր ժամանակը, որ ինքը կամավոր իր տեղը զիջեր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՍԻՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի անունն այսքան տալով, այսքան քննադատելով՝ մտածող մարդու մոտ ոչինչ չի ավելանում․ ամեն ինչ պարզ է՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը բոլորը մի ծրագրի են մասնակցում, ու այդ ծրագրի իրականացման հարցում շատ շտապում են։
«Արցախի կարգավիճակի նիշն իջեցնելու մասին Փաշինյանի խոստովանության մեջ մի բան եմ ուզում շեշտել․ ինքը հիմա իսկապես արդեն պատրաստակամություն է հայտնում իջեցնել Արցախի կարգավիճակը, որովհետև առաջ կարգավիճակի մասին հայկական կողմից պաշտոնական հայտարարությունները երկիմաստ են եղել, բայց գոնե հասկացվել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Առաջին անգամ բացահայտ հայտարարվում է, որ այս իշխանությունը համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում այն էլ ոչ թե կանխորոշված ինքնավարության կարգավիճակով, այլ դեռ հնարավոր է, որ եթե մենք մեզ լավ պահենք, մեր միջազգային գործընկերները մեզ կօգնեն ինչ-որ կարգավիճակի հասնելու հարցում»,-ասաց Հրանտ Խաչատրյանը։
Սա բացահայտ նահանջողական քաղաքականության մասին խոստովանություն է, փաստեց նա, խոստովանություն, որ անցած տարիների ջանքերն ուղղված են եղել հենց ժողովրդին այն վիճակին հասցնելուն, որ ժողովուրդը ստիպված լինի համաձայնել այդ գործընթացին։
«Համենայն դեպս, իրենց այդպես է թվում, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ կընդունի այդպիսի ծրագիր։ Դա նաև ցույց է տալիս, որ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը բոլորը մի ծրագրի են մասնակցում, ու այդ ծրագրի իրականացման հարցում շատ շտապում են․ փորձում են դրանով անշրջելի երևույթներ ստեղծել, որ հետագայում ոչ միայն Հայաստանի նոր իշխանությունները, այլ նաև համաշխարհային հանրությունը, բայց ոչ այն, որ ինքն է նշում, համաշխարհային այն հանրությունը, որի աչքի առաջ Հայաստանը պայքարել է Արցախն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու համար, նրանք շտապում են, որ ստեղծեն անշրջելի փաստեր, որ հետագայում այդ իրողությունները հետ վերադարձնեն»,-ասաց Հրանտ Խաչատրյանը։
Ընդդիմության ապակենտրոն պայքարի մասին ՍԻՄ նախկին նախագահն ասաց՝ վերջին հայտարարությունների մեջ արդեն մի քանի շաբաթ է՝ նկատում է, որ ընդդիմությունը հայակենտրոն մտածողության վրա ավելի լայն պայքարի կուրս վերցնելը ճիշտ է համարում։
«Եվ նրանք, ովքեր պատերազմից հետո շարունակաբար պնդում էին, որ իրենք կարող են այդ գործն իրականացնել, հասկացել են, որ յուրաքանչյուր առանձին թևը կամ բևեռը, որովհետև նրանք մեկուսացած բևեռներ են, հիմա աստիճանաբար գնում են նրան, որ պետք է այսպիսի լուրջ պայքարին վերաբերվել հենց ցանցային մեթոդներով։ Խնդիրն այն չէ, թե ցանցի տակ մենք ինչ ենք հասկանում, խնդիրն այն է, որ հակաիշխանական շարժումը ձեռք է բերում նոր որակ և դա հույս է ներշնչում, որ առանձին-առանձին հավաքած զանգվածները, ովքեր տարբեր բևեռների կողմնակից էին, արդեն պետք է չասեն՝ ես սրա ժողովուրդն եմ կամ մյուսի ժողովուրդն եմ, այլ եթե նույնիսկ առաջնորդները միմյանց հետ համատեղ պայքար վարելու, կողք-կողքի կանգնելու համարձակությունը չունենան, նրանց աջակցող զանգվածնները պետք է միասնական պայքարի գնան գիտակցաբար»,-ասաց Հրանտ Խաչատրյանը։
Աննա Բալյան