Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով` արձանագրվել է 1 տրիլիոն 171 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 23,11%-ը: Ջանջուղազյանը նշեց, որ կառուցվածքում եկամուտների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, և 2016 թվականի արդյունքներով` ավելացել է եկամուտների մեջ հարկային եկամուտների տեսակարար կշիռը և կազմել 92%: Հարկերի և տուրքերի մասով 2016 թվականի բյուջեն համալրվել է շուրջ 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, որը համախառն ներքին արդյունքի 21.3 %-ն է: «Համեմատության համար նշեմ, որ ծրագրավորված էր ունենալ 20.7 տոկոս»,- ասաց նա:
Ջանջուղազյանը նշեց, որ հարկային եկամուտների կշիռը կազմել է 92.2 տոկոս, որը, համեմատած 2015 թվականի նույնանուն ցուցանիշի հետ, ունեցել է շուրջ 0.8 տոկոսային կետով աճ: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը տեղի է ունեցել ի հաշիվ այլ եկամուտների նվազման:
Ջանջուղազյանը նաև տեղեկացրեց, որ բյուջեի եկամուտների հիմնական մասը համալրվել է ԱԱՀ ուղղությամբ, որտեղ արձանագրվել է շուրջ 391 մլրդ դրամ մուտք ԱԱՀ մասով, որը ընդհանուր եկամուտների 36.2 տոկոսն է: Հաջորդն` իր մեծությամբ, նրա խոսքով եկամուտային հարկի մասով մուտքերն են` 332.7 մլրդ դրամի մուտք է արձանագրվել կամ ընդհանուր եկամուտների 30.8 տոկոսը: Նա ասաց, որ իր նշանակությամբ հաջորդը շահութահարկն է` արձանագրվել է 127.5 կամ 11.8 տոկոսը: «Միայն նշեմ, որ անուղղակի հարկերի տեսակային կշիռը շուրջ երեք տոկոս նվազել է ընդհանուր հարկային եկամուտների կառուցվածքում, որը կարևոր ցուցանիշ է»,- հայտնեց Ջանջուղազյանը:
Դրամաշնորհներին անդրադառնալով` նա նշեց, որ ճշտված ծրագրային ցուցանիշը 42.98 մլրդ դրամ է, որի դիմաց արձանագրվել է 31.4 մլն դրամ կատարողական: