կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-26 17:12
Իրավական

Ավագ տեսուչը, չհայտնաբերելով հանցագործության գործիք կացնի փայտե բռնակը, հանձնարարել է գնել նորը

Ավագ տեսուչը, չհայտնաբերելով հանցագործության գործիք կացնի փայտե բռնակը, հանձնարարել է գնել նորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, 20.10.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Վ. Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր և ընկերուհու մասնակցությամբ կատարված հանցագործության դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության  Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, չհայտնաբերելով հանցագործության գործիք հանդիսացող կացնի փայտե բռնակը, իրեն հանձնարարել է խանութից գնել նորը: Վ. Պետրոսյանը  նոր գնած բռնակը ընկերուհու հետ տարել է դեպքի վայր, որտեղ տեսուչի հանձնարարությամբ մատնացույց են արել այն`  որպես զննությամբ հայտնաբերված հանցագործության գործիք: Վ. Պետրոսյանը միաժամանակ հաղորդմամբ հայտնել է, որ նույն տեսուչն իր կազմած արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել դեպքի վայրի զննությանը երկու ընթերակայի մասնակցության վերաբերյալ: Ըստ Վ. Պետրոսյանի` իրականում նշված գործողությանը մասնակցել է մեկ ընթերակա, իսկ երկրորդը արձանագրությունում ստորագրել է զննության ավարտից հետո` այլ վայրում:

ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Մ. Առաքելյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 24.08.2014թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձինք իրեն բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին և 8 ժամ ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, Մ. Առաքելյանը հայտնել է, որ մինչ բերման ենթարկվելը նույն բաժնի պաշտոնատար անձինք հեռախոսազանգերով սպառնացել են իրեն, ինչի հետևանքով վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: