Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:
Այսպես, Եղվարդ քաղաքի բնակիչ Սրբուհի Մեսրոպյանը 27.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ Գևորգ Հակոբյանին հաղորդում է տվել նախկին ամուսնու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու մասին: Մասնավորապես, իր բնակարան այցելած հիշյալ ոստիկանին ցույց է տվել նախկին ամուսնու կողմից թաքցրած` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված թմրամիջոցը: Սակայն ոստիկանը, հանցագործության մասին հաղորդում ընդունելու, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու՝ դեպքի վայրը զննելու և առկա փաստերն արձանագրելու փոխարեն, իր բջջային հեռախոսով լուսանկարել է թմրամիջոցը և Ս. Մեսրոպյանին հավաստիացրել, որ դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Նույն օրը Գ. Հակոբյանը հանցագործության դեպքի մանրամասների մասին անձամբ զեկուցել է իր վերադասներին` Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Էմիլ Մովսիսյանին և նույն բաժնի պետի տեղակալ Սարգիս Բաղդասարյանին: Սակայն վերջիններս, իրենց հերթին, հիշյալ հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել և սահմանված կարգով միջոցառումներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Հիշյալ դեպքից 10 օր հետո Ս. Մեսրոպյանը կրկին զանգահարել է տեսուչ Գ. Հակոբյանին և տեղեկացրել, որ ամուսինը վերցրել է թմրամիջոցի փաթեթը և դուրս եկել բակ: Ս. Մեսրոպյանը ոստիկանության աշխատակցին խնդրել է գալ և տեղում բացահայտել հանցագործության դեպքը: Գ. Հակոբյանն այդ մասին կրկին տեղեկացրել է իր ղեկավարներին, այդ թվում՝ Է. Մովսիսյանին և Ս. Բաղդասարյանին, սակայն վերջիններս, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և թմրամիջոցի իրացման վերաբերյալ իրենց կողմից սպասարկվող տարածքում բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նախնական համաձայնությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ սահմանված կարգով ընթացք չեն տվել քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքին, չեն կանխել դրա հնարավոր իրացումը և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործություն կատարած անձին տեղում բռնելու ուղղությամբ:
Ոստիկանության վերը նշված պաշտոնյաների գործողությունների հետևանքով հանցագործության դեպքը չի բացահայտվել, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:
Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ. Հակոբյանին, նույն բաժանմունքի պետ Է. Մովսիսյանին և բաժնի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Է. Մովսիսյանի և Ս. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: