Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիմնական զեկցուցող` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե որոնք են այն հիմնական շեշտադրումները, որ, զորակոչային ռեսուրսը չհամարվելով առանձնակի կարևոր` թվաքանակի տեսակետից, ՊՆ-ն հրաժարվում է ակադեմիական տարկետումից։
Նախարարը պատասխանեց, որ ինքը չի տեսնում պատճառ, թե ինչու պետական բուհ ընդունվող որևէ մեկը կարող է ունենալ տարկետում, իսկ մյուսը՝ ոչ: «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորած մի քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ավարտելու իր ուսումը և հետո նոր կատարելու կամ չկատարելու իր պարտքը հայրենիքի նկատմամբ, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալուն պես զորակոչվի, որովհետև ընդունելության քննության պահին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իր կողքին նստած դասընկերոջից կես միավոր ավելի կամ պակաս է ստացել», - նշեց Սարգսյանը։
Ըստ նրա` եթե խնդիր է դրվում` լուծել կրթության իրավունքը, ապա բոլորին հավասար պետք է տարկետում տրամադրել, մինչդեռ ՀՀ-ն պաշտպանության խնդիր ունի լուծելու։
«Եթե մենք մեր երկրի պաշտպանության խնդիրն ենք լուծում, տարկետումը չենք վերացնում ու ասում՝ եթե ձգտում ես լավ կրթություն ստանալ, համարում ես, որ անընդհատությունը կարևոր է, և դու պատրաստվում ես բանակ գալ բակալավրի աստիճանով կամ դիպլոմավորված մասնագետի, ապա մենք քեզ առաջարկում ենք գալ` որպես սպա, դրա համար աշխատավարձ ենք վճարելու, փոխհատուցելու ենք քո ուսման ծախսերը բակալավրիատում, հետագայում` նաև մագիստրատուրայում»,- ասաց նախարարը։
Անդրադառալով շրջանառվող այն տեսակետին, թե 30 տարեկանում թեկնածություն չեն պաշտպանում, Սարգսյանը նշեց. «Բայց ոչ ոք չի ասում, թե էդ պաշտպանածներից քանիսն են պաշտպանելուց հետո հոդված գրել կամ գիտության համար որևէ քայլ կատարել»։