կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 19:49
Հասարակություն

Տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում. տրանսպորտի նախարար

Տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում. տրանսպորտի նախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը։ 

Նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների  ներկայացուցիչներ։    

Քննարկմանը հրավիրված  էին նաև  «ՋիՋի» և «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող  կազմակերպությունների ղեկավարները, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և տեսակետները:

Քննարկման ընթացքում առաջարկություններով հանդես եկան «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը,   Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և այլք։ 

Ներկայացված առաջարկությունները վերաբերում էին առցանց (օնլայն) տաքսի ծառայության պատվերներ իրականացնող կազմակերպությունների և նրանց ծառայություններից օգտվող սուբյեկտների կարգավիճակի հստակեցմանը, տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին: 

Կարևորելով նիստի ընթացքում բարձրացված հարցերը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուսումնասիրությունների և շարունակական վերլուծության կարիք ունեն: 

«Համոզված եմ, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները պետք է լինեն մշտական՝ հետագա քննարկումներին ընդգրկելով հնարավորին շատ շահագրգիռ այլ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների: Բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում. դա առաջին պայմանն է, որին պետք է ձգտել»,-շեշտեց  նախարարը: 

Վ. Մարտիոսյանը նշեց, որ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում ձևավորված առաջարկությունները քննարկվելուց և մշակվելուց հետո կներառվեն  օրենսդրական փոփոխությունների փաթեթում:  

Նիստի ընթացքում ամփոփվեցին նախորդ նիստերի և աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունները: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն