| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած` հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին: Այն կազմակերպել է ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:
Ըստ Մկրտչյանի` կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել, դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստրատուրան:
Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերազանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում. գաղափար, որն այսօր առաջարկվում է Արարատյան բակալավրիատի ծրագրով:
«Գերազանցության գաղափարը, որը դրված էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել և այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարման, որից և այսօր առկա է հանրային դժգոհություն: Երկրորդ կարևոր բացթողումը կրթական ընդհանուր շղթայում մագիստրատուրան է: Մենք խնդիր ունենք մագիստրոսական կրթության տեղը հստակեցնել նախ աշխատաշուկայում, ապա նաև կրթական բովանդակության տեսանկյունից»,- նշել է նախարարը և հավելել, որ կատարված հետազոտական աշխատանքն անպայման պետք է նպաստի կրթական ընդհանուր շղթայի ներդաշնակ աշխատանքին:
Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ ավագ դպրոցի բարեփոխումն այն անկյունաքարն է, որը կարող է կարգավորել կրթության ամբողջական շղթան և ուրվագծել կրթական համակարգի հեռանկարը: «Առանց տեսլականի` կրթական համակարգ չի լինում: Չկա որպես այդպիսին միջազգային կրթական համակարգի չափանիշ: Կրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ»,- խոսքն ամփոփել է Մկրտչյանը:
Նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ կծավալվի մասնագիտական ազնիվ բանավեճ:
Նշենք, որ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի աշխատանքը շարունակվում է: