Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց օրենքում նոր հոդված ավելացնել հայկական արտադրողներից կատարվող գնումների տարեկան աճի վերաբերյալ։
«Մենք ասում ենք հետևյալը` հայկական բանակը նաև նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակում իր գնումները պետք է տեղական արտադրողից կատարի՝ զարգացնելով նաև մեր տնտեսությունը։ Մենք առաջարկում ենք` ամեն տարի բյուջեի գնումներում, նախորդ տարվա բյուջեի գնումների համեմատությամբ, 2 տոկոս աճ գրանցել տեղական արտադրողներից գնումների մասով։ Պետք է նաև օրենքով հստակ պարտավորություն սահմանվի», - նշեց պատգամավորը։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ պատասխանեց, որ լրացումը նպատակահարմար չէ։ «Սպառազինությունները գնալով ավելի շատ տեսակարար կշիռ են կազմում գնումների մեջ։ Մենք մշտապես գին-որակ-արդյունավետություն և սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունքների հասնելու քաղաքականություն ենք տանում։ Դա չի նշանակում, որ տեղական արտադրողների և հատկապես տեղական ռազմարդյունաբերության և ռազմական գիտության առաջընթացով ՊՆ-ն հետաքրքրված չէ։ Օրեր առաջ նախարարությունը հյուրընկալեց ԱԺ պատգամավորներին և ներկայացրեց ոլորտի զարգացման տեսլականն ու ծրագիրը։ Մեր ակնկալիքով՝ տեղական արտադրողներից ձեռք բերվող միջոցների քանակն անգամներ աճելու է, բայց օրենքով դա ֆիքսելը կնշանակեր ոչ արդյունավետ դաշտի ստեղծում»,- նշեց նախարարը։
«Ելք»-ի առաջարկությանը կողմ քվեարկեց 2 հոգի, դեմ՝ 3։ Արդյունքում` առաջարկը չընդգրկվեց օրենքի նախագծում։