կարևոր
11881 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-20 16:57
Քաղաքական

Եթե իշխանությունն ուզում է կոյուղու վերածվել, իր խնդիրն է, պետական առուն ողողվելու է հոգևոր ջրերով․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Եթե իշխանությունն ուզում է կոյուղու վերածվել, իր խնդիրն է, պետական առուն ողողվելու է հոգևոր ջրերով․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

24News-ը գրում է.

«Եկեղեցին կուսակցություն կստեղծի, թե ոչ, մեր գիտենալիքն է, Նիկոլ Փաշինյանը մեր խորհրդականների մեջ չէ, որ խորհուրդներ տա՝ ինչ անենք։ Մենք ինչ անում ենք, ազնիվ ու անթաքույց ենք անում, չենք կեղծում ու խաբում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ 24News-ի խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի, ինչն ավելի ազնիվ կլինի ընտրողների առաջ։

«Դա էր պակաս մնացել, որ իշխանությունը որոշեր՝ որն է ավելի ազնիվ»,-նկատեց նա։

Սրբազանը նաև արձագանքեց Փաշինյանի այն դիտարկմանը, թե վտանգավոր է, որ եկեղեցին ու պետությունը միախառնվում են՝ հավելելով, թե արդեն 1700 տարի է՝ եկեղեցին միախառնվելու ցանկություն չունի և չի ունենա, բայց պետական առուն միշտ պետք է ոռոգվի հոգևոր ջրերով, որպեսզի կոյուղու չվերածվի։

«Երբ պետական առուն պարբերաբար հոգևոր առվով չի ոռոգվում, վերածվում է կոյուղու, եթե ցանկություն ունեն կոյուղու վերածվելու, թող վերածվեն, իրենց խնդիրն է: Դրանք տարբեր գետեր չեն, պետք է միմյանց հետ շփվեն ու խառնվեն, որ զուլալվեն ու շարունակեն իրենց ընթացքը, ինչպես հոգին ու մարմինը: Ի՞նչ է՝ երկրի համար չպե՞տք է մտահոգվենք, երբ տեսնում ենք սպառնալիք մեր երկրի, պետության ու ժողովրդի հանդեպ, պետք է լու՞ռ մնանք, ասենք՝ քաղաքականությանը չենք խառնվո՞ւմ: Եթե եկեղեցին սպանալիք է տեսնում, պետք է բարձրաձայնի, պետությունը ականջալուր կլինի, թե ոչ՝ իր հարցն է, եկեղեցին չի կարող լռել, երբ սպառնալիք կա պետականության հանդեպ: Ի՞նչ է, լռենք, ասենք՝ մեր գործը չէ Արցախը կհայաթափվի, թե ոչ, դա քաղաքական հարց է: Ասենք՝ դե կթողնենք Արցախը այնպես, ինչպես Ծիծեռնավանքը, Հադրութի, Շուշիի եկեղեցիները, դե պետությունը որոշել է Արցախը հանձնել: Ավելի ազնի՞վ ու ճիշտ կլինենք, որ ասենք՝ մեզ չի հետաքրքրում Արցախը: Մենք ավելի մտահոգ ենք այս պետության համար, քան իրենք , վաղը, երբ իշխանության չլինեն, արտագաղթելու են, գնան, իրենց համար սա հայրենիք չէ, իրենք ընդամենը այստեղի բնակիչ են»,-ավելացրեց Աջապահյանը»: