Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին երկու-երեք տարիներին կարևոր տեղաշարժեր են եղել թե´ Հայաստանի ու Ադրբեջանի, թե´ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպմանը:
Ըստ նրա՝ Եվրոպան այսօր, ի վերջո, հասկացել է, թե ում հետ է գործ ունեցել: «Կարծում եմ՝ Եվրոպան այլևս ի վիճակի չէ հանդուրժել Ադրբեջանի ներկայությունը ԵԽ-ի կազմում: Եվրոպան կազմակերպում է դաստիարակչական քայլեր. ԵԽ-ն ոչ թե հանելու է Ադրբեջանին իր կազմից, այլ, ընդհակառակը, սկսում է մի երկար գործընթաց, որի ընթացքում փոխգործակցության միջոցով փորձելու է փոխել Ադրբեջանին, ինչպես անում է այժմ Թուրքիայի պարագայում»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ըստ նրա` Ադրբեջանն այսօր կայանալիք պաշտոնական հանդիպման ժամանակ այլ քաղաքականություն է վարելու՝ Ադրբեջանն այս անգամ կներկայանա ոչ թե որպես երկիր, որը Հայաստանին մեղադրելու է ագրեսիայի մեջ, այլ երկիր, որն ամեն կերպ պետք է կարողանա ապացուցել, որ արժանի է Եվրոպայի խորհրդի անդամ լինել: Այդ իմաստով, Մանասյանի խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան դառնում են նույնակարգ պետություններ, նույն գլոբալ գործընթացների համատեքստում հայտնված երկրներ: «Մի կողմից աշխարհը՝ ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել նրանց քաղաքական աշխարհայացքը, մոտեցումները, մյուս կողմից` նույն Եվրոպան, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հետ առաջիկայում կկնքի մի փաստաթուղթ, որի գլխավոր բովանդակությունը կլինի այն, որ Եվրոպան համակրում է Հայաստանին և ընկալում Հայաստանը որպես եվրոպական քաղաքակրթական արժեքներ ունեցող երկիր»,- ասաց Մանասյանը:
Քաղաքագետը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանը նույն այդ մեսիջները ստանում էր նաև ԱՄՆ-ից այն ժամանակ, երբ մեզ մոտ ընթանում էին ՀԱՊԿ զորավարժությունները: «Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քաղաքական պահը շատ հարմար է Ղարաբաղյան հարցում գրոհի անցնելու համար: Հայաստանը նախ և առաջ պետք է ամրապնդի կապերը Եվրոպայի, ԵՏՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, իսկ Ղարաբաղյան հակամարտության պարագայում պետք է այս բարենպաստ շրջանում փոխի խնդրի աղճատված պատկերը»,- ասաց Մանասյանը: