կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-14 18:24
Իրավական

Սննդի շղթայում տնտեսվարողներին ներկայացվել են վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի առավելությունները

Սննդի շղթայում տնտեսվարողներին ներկայացվել են վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի առավելությունները

Մինչև 2023 թվականի հունվարի մեկը Հայաստանում սննդամթերք արտադրող ընկերությունները պետք է փուլային՝ ըստ ոլորտների, ներդնեն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը՝ HACCP. այս որոշումը կառավարությունն ընդունել է դեռևս 2015 թվականին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քայլեր է ձեռնարկում՝ մեր տնտեսվարողներին ներկայացնելու սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված այս համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու ընթացակարգերը՝ ապահովելով նաև մասնագիտական խորհրդատվություն:

      Այդ նպատակով՝ Ծառայության հրավերով Հայաստանում է «HACCP project» խորհրդատվական ընկերության տնօրեն Նիկիտա Չապայկինը, ով սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ հանդիպում-քննարկում է անցկացրել: 2018-ի հունվարի մեկից հայ տնտեսվարողների համար Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 11-րդ հոդվածն արդեն պարտադիր կլինի, իսկ դրա 12 կետերից 7-ը HACCP համակարգի հիմնական սկզբունքներն են: Հաշվի առնելով այս փաստը՝ Նիկիտա Չապայկինը ներկայացրել է օրենսդրական պահանջները, բացատրել համակարգի ներդրման գործընթացն ու դրա կարևորությունը:

     «Իրականում բարդ բան չկա, ոչ մի նոր պահանջ չի ավելացել. պետք է կատարել սանիտարահիգիենիկ նորմերով սահմանված պահանջները, ինչպես օրինակ՝ պայքարել կրծողների, միջատների դեմ և հետևել  HACCP 7 հիմնական սկզբունքներին (վտանգի աղբյուրների վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի հատկորոշում, կրիտիկական յուրաքանչյուր կետի համար կրիտիկական սահմանի որոշում, մոնիտորինգի համակարգի մշակում, ուղղիչ գործողությունների սահմանում, ստուգման ընթացակարգի սահմանում և փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում)»,-ասում է Նիկիտա Չապայկինը:

Նիկիտա Չապայկինը նաև Ռուսաստանի փորձն է ներկայացրել. այնտեղ հաջողվել է գործընթացն իրականացնել երկու տարում: Բիզնեսի գործը չբարդացնելու համար, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում, համակարգի սերտիֆիկացումը կլինի կամավոր կերպով. կարևոր է միայն որ տնտեսվարողը պահպանի որակի և անվտանգության բոլոր կանոնները:

HACCP համակարգն ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում, արտադրության գործընթացի ցանկացած կետում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը համակարգի ներդրումը համարում է ոլորտի առաջնահերթությոններից մեկը, քանի որ այն հնարավորություն կտա շուկայում ունենալ առավել անվտանգ ու որակյալ սննունդ, ինչպես նաև՝ կմեծացնի հայկական արտադրանքի նկատմամբ վստահությունը միջազգային շուկայում: