Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ՄՄ անդամ երկրների հետ Հայաստանն այսօր էլ ունի համաձայնագրեր, ըստ որոնց` մաքսատուրքեր չեն գանձվում, ապա ինչպիսի տնտեսական առավելություններ ենք ակնկալում ՄՄ անդամակցելու պարագայում. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` հավելելով, որ այս խնդիրները կոնկրետ պատասխաններ են ակնկալում:
Այնուհետեւ նա փորձեց այդ կոնկրետ պատասխանները ձեւակերպել: Առաջին հերթին' ճիշտ է, ՄՄ անդամ երկրների հետ Հայաստանն ունի համաձայնագրեր, որոնցով մաքսատուրքեր չեն գանձվում, բայց մի շարք երկրներ, օրինակ` Ռուսաստանը ունի այնպիսի հասկացություն իր ապրանքների համար, ինչպիսին արտահանման մաքսն է: Եվ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների 61 տոկոսը գանձվում է այդ արտահանման մաքսով:
«Դրանք ոչ միայն նավթամթերքն է, գազը, չմշակված ադամանդը, այլեւ տնտեսության համար առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են փայտամթերքը, պարարտանյութերը, մի քանի այլ` չափազանց կարեւոր ապրանքներ, որոնց համար արտահանման մաքսը կվերանա, եթե Հայաստանը դառնա ՄՄ անդամ: Դրանցից առաջին երեքի համար մենք արդեն իսկ ունենք զրոյական մաքսի կարգավիճակ, որը, մասնավորապես, անցնող բավականին դաժան ձմռան պայմաններում կարգավորեց մեր ազգաբնակչության կողմից վճարվելիք` գազի գումարների հետ կապված խնդիրները»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Որպես ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի ստանալիք էական առավելություն` բանախոսը հիշատակեց նաեւ սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձման մասով փոփոխությունները: Ըստ այդմ' երբ այսօր ՄՄ անդամ երկրներից ապրանքներ ենք ներմուծում, ապա ԱԱՀ-ն գանձվում է անմիջապես' հենց սահմանին: Իսկ երբ Հայաստանը դառնա ՄՄ անդամ, ապա այդ ԱԱՀ-ի գանձումը որոշակիորեն կհետաձգվի, որովհետեւ, ըստ գործող կանոնների, այդ ապրանքների ԱԱՀ-ն մուծվելու է մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:
«20-50 օրվա ընթացքում տնտեսվարողը հնարավորություն կունենա իրականացնելու իր ԱԱՀ-ի մուծումը ներմուծված ապրանքի համար, ինչը որոշակիորեն կթեթեւացնի տնտեսվարողի կողմից իրականացվող ֆինանսական խնդիրները»,- ասաց բանախոսը:
Գագիկ Մինասյանը առավելությունների շարքից մատնանշեց նաեւ սահմանի հատմանը վերաբերող գործառույթները' շեշտելով, որ այդտեղ բոլոր ձեւակերպումները, ծագման երկրի սերտիֆիկատը եւ ժամանակի ու ոչ միայն ժամանակի հետ կապված պրոբլեմները, որոնք քաջ հայտնի են բոլոր ապրանք արտահանողներին ու ներմուծողներին' կապված սահմանը հատելու հետ, ուղղակի վերանում են: Այս առումով Հայաստանում կամ Արցախում արտադրվող ապրանքների' ՄՄ երկրների տարածքում հայտնվելու եւ այնտեղ իրացվելու համար մեզ համար նոր հնարավորություններ են բացվում: