կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 16:16
Տնտեսական

«Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան

«Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան

Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի ակտիվացումը և պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից:

Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որոնց հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:

Ադրբեջանի արտաքին մահաբեր առևտրի առաջնային խոշոր գործընկերներն են՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան: Այս երեք երկրներին միասին բաժին է հասնում ադրբեջանական նավթի և գազի արտահանման գրեթե 40 տոկոսը, որը տարեկան շուրջ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար է:

Այս երկրներից Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը կազմում է տարեկան շուրջ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 7 անգամ զիջում է արտահանմանը (աղբյուրը՝ այստեղ):

Վաղուց արդեն հայտնի փաստ է՝ այս երկրները Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են ԵՄ տարածքից: Դեպի այս երկրներ ադրբեջանական նավթի ու գազի արտահանման և այս երկրներից Ադրբեջանի երևացող ընդհանուր ներմուծման տարբերությունը (տարեկան միջինը՝ 6,2 միլիարդ ԱՄՆ դոլար) որոշակիորեն բնութագրում է այս երկրներից Ադրբեջան մատակարարվող զենքի ծավալները՝ «զենք նավթի դիմաց» շղթայով:

Հաշվի առնելով այս երեք երկրներից Ադրբեջանի ներմուծման անհամեմատ փոքր երևացող ծավալները՝ կարելի է ենթադրել, որ այս երկրները ադրբեջանական նավթի ու գազի դիմաց ընդհուպ մինչև 80-85 տոկոսի չափով Ադրբեջանին մատակարարում են սեփական արտադրության զինատեսակները:

Բնականաբար, Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկեր այս երկրները ստանում են տնտեսական գերօգուտներ: Դրա ընդհանրական գնահատման տեսանկյունից՝ հատկանշական են նաև հետևյալ իրողությունները՝

-ադրբեջանական նավթի ու գազի արտահանման գները առնվազն 10-20 տոկոսով զիջում են միջազգային շուկաներում ձևավորվող համապատասխան գներին, և նշված շեղումը պատերազմական այս օրերին առավել խորանում է,

-զենքի միջազգային առևտուրն ինքնին գերշահույթներ ապահովող բիզնես է, որի նվազագույն շահութաբերությունը, տարբեր գնահատումներով, տատանվում է 30-50 տոկոս միջակայքում:

Այսպիսով, ամենահամեստ գնահատումներով, Իտալիան, Գերմանիան և Իսպանիան Ադրբեջանի հետ մահաբեր առևտրից, ընդհանուր առմամբ, ստանում են տարեկան առնվազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի գերօգուտներ՝ պարբերաբար ականատեսը լինելով դրա անմարդկային իրական հետևանքներին:

Ադրբեջան-Իտալիա մահաբեր առևտրի ընդհանրական գնահատումների ամփոփ արդյունքները հրապարակել ենք օրերս:

Ադրբեջանական նավթի և գազի հինգերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երկրորդը ԵՄ-ում (Իտալիայից հետո) Գերմանիան՝ տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ծավալով:

Հատկանշական է նաև այն, որ 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին նախորդող ժամանակահատվածում ադրբեջանական նավթի և գազի արտահանումը դեպի Գերմանիա գրանցել է թռիչքաձև աճ: Մասնավորապես՝ 2011-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 100 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը: Ի դեպ, ամենաբարձր աճերը գրանցվել են պատերազմներին նախորդող 1-2 տարիներին:

Ադրբեջանական նավթի և գազի ութերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երրորդը ԵՄ-ում (Իտալիայից և Գերմանիայից հետո) Իսպանիան է՝ տարեկան շուրջ 705 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Այստեղ ևս հատկանշական է՝ պատերազմներին նախորդող 1-2 տարիներին ադրբեջանական նավթի ու գազի արտահանումը դեպի Իսպանիա աճել է շեշտակի: Մասնավորապես՝ 2014-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 3,5 անգամ գերազանցել է 2010-2013թթ. համապատասխան ցուցանիշը:

Կարելի է ամփոփ եզրակացնել՝ տնտեսական այս գերօգուտները, հակադրվելով նաև եվրոպական արժեհամակարգին, փաստացի պատճառ են դառնում այն իրողության, որ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան շարունակում են իրենց մահաբեր առևտուրը Ադրբեջանի հետ, իսկ օրերս էլ դեմ արտահայտվեցին Հունաստանի առաջարկին, որն ուղղված էր Թուրքիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը:

Եվ վերջում՝ տնտեսական այս գերօգուտները ծնում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ՝ ներկայումս հայ ժողովրդի համար փաստագրվող անմարդկային հետևանքներով:

Իսկ շարունակության դեպքում այս մարտահրավերներն ու հետևանքներն անխոս տեղափոխվելու են նաև այլ տարածաշրջաններ ու երկրներ …

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ