կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 11:35
Իրավական

Հայաստանում չկա շրջանառվող դեղերի որակի հսկման մեխանիզմ

Հայաստանում չկա շրջանառվող դեղերի որակի հսկման մեխանիզմ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առողջապահության նախարարության գործունեության ոլորտում արձանագրել է հետևյալ  թերացումները.

 

Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

 

Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում վտանգվում է բազմաթիվ անձանց առողջությունը:

 

Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում:

 

Շարունակում է չլուծված մնալ «բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ:

 

Մտահոգության տեղիք է տալիս, որ մինչ օրս չի ընդունվել մինչև  6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող' «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագիծը:

 

Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը:

 

Դեռևս իր լուծումը չի ստացել առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված 0-7 տարեկան երեխաների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունների մատուցման ապահովման խնդիրը:

 

Ցածր է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներին համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:

 

Արձանագրված դրական զարգացումներ.

 

Կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրվել են միջազգային պայմանագրեր, կազմակերպվել են խորհրդաժողով-դասընթացներ:

 

Էապես բարձրացվել է շտապօգնության ծառայության որակն ու արդյունավետությունը:

 

Մի շարք բժշկական միջամտություններ 0-7 տարեկան երեխաների համար իրականացվում են անվճար հիմունքներով: