կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 10:48
Քաղաքական

ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են. նախարար

ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են. նախարար

Վերջին տարիներին ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են ինչպես մեր, այնպես էլ միջազգային պլատֆորմներում. ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է դիմակայության մշակույթի զարգացում, որի համար ավելի լայն աշխատանք է պետք տանել ռիսկերի կառավարման գոտում՝ սկսած իրազեկումից մինչև օրենսդրական դաշտի կարգավորումը։

«Դիմակայուն զարգացման հայեցակարգը պահանջում է նոր հանրային օրակարգ ձևավորել օրենսդրական և բյուջետային ֆինանսավորումից հետո` խորհրդարանի միջոցով պետություն-հանրություն երկխոսությունը բարձ մակարդակի հասցնելու և արդյունավետ աշխատելու համար», - նշեց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ աղետների ռիսկերի կառավարման բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար անհրաժեշտ է ԱԺ-ի օգնությամբ բարձրացնել ոլորտի զարգացման պատասխանատուների որակավորումը, ինչպես նաև անհրաժեշտ է թվային կապի կիրառում, վաղ ազդարարման և ժամանակակից համակարգի ներդրում ու զարգացում, փրկարական և արագ արձագանքման ուժերի կարողությունների զարգացում, շենքերի, շինությունների սեյսմակայունության բարձրացում և այլն։

«Իմ հանձնարարությամբ արդեն ստեղծված աշխատանքային խումբը, ԱԻ փոխնախարարի գլխավորությամբ, համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր պիտի մշակի։ Դրանց մի մասն արդեն ներկայացված է գործադիրին, և դրանց կյանքի կոչման հարցում կարևորում ենք հատկապես ԱԺ-ի դերը»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական կառավարման պայմաններում այս գործընթացին ԱԺ-ի ակտիվ մասնակցությունը կխթանի, որ մնացած կառույցները ևս շահագրգռված լինեն։

Աղետների կառավարման գործում նախարարը նաև կարևորեց միջազգային և անդրսահմանային կառույցների աջակցությունը։ «Անդրսահմանային և միջազգային աջակցությունը ևս կարևոր է։ Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած դեպքերը նման համագործակցության կարևորության և արդյունավետության մասին են փաստում»,- եզրափակեց նա։