կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 18:24
Հասարակություն

ԱԻՆ-ը մանկապարտեզներում աղետների ռիսկի կառավարման պլաններ է մշակում

ԱԻՆ-ը մանկապարտեզներում աղետների ռիսկի կառավարման պլաններ է մշակում

Մարտի 21-29-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում է անցկացրել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ, Արարատի մարզի Լուսաշող և Այգեզարդ համայնքներում:

Միջոցառումն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշենլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի փորձարկմանն ընդգրկված էին ոչ միայն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները, այլև՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժական անձնակազմը, ծնողներ և այլ կազմակերպությունների աշխատակիցներ:

Պլանի փորձարկման շրջանակում կազմակերպվել էր նաև վերապատրաստման դասընթաց՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար, որպեսզի հետագայում վերջիններս կարողանան աջակցել աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրման գործընթացին: Ուսանողները մանկապարտեզների անձնակազմերին ցուցաբերեցին մեթոդական օգնություն և հաստատության աշխատակիցների հետ համատեղ մշակեցին աղետների ռիսկի կառավարման պլաններ:

Աղետների ռիսկի կառավարման պլանի փորձնական կիրառման ժամանակ ի հայտ եկած թերությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի և կներկայացվի աջակցող կազմակերպությունների քննարկմանը: