| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդն էր: Նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն այս պարագայում ավելի շատ կարեւորում է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը:
«Մարզիչներս ասացին, որ իմ առջեւ դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ:
Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց երեւի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը, մեկ պտույտ կատարել ու շարունակել վարժությունը:
Սովորաբար, ես երկար ժամանակ չեմ կարողանում լավ մարզավիճակում լինել: Մոտ 15-20 օր, հակառակ դեպքում՝ ուսերս, ձեռքերս սկսում են ցավել, երեւի տարիքից է (ծիծաղում է): Մրցումներին լրջորեն սկսում եմ պատրաստվել մեկ կամ մեկուկես ամիս առաջ:
Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերն են: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել: Առանձին գործիքների վրա ավելի բարդ է վարկանիշ վաստակելը, բայց պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ասաց Հարություն Մերդինյանը: