կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 13:28
Քաղաքական

Ես էլ կարող եմ ասել, որ ԵՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան. Աշոտյանը` «Ելք»-ին

Ես էլ կարող եմ ասել, որ ԵՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան. Աշոտյանը` «Ելք»-ին

Խորհրդարանում «Ելք»-ի առաջարկած` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը` բերելով փաստարկներ` ինչո՞ւ կարիք չկա ժամանակավոր հանձնաժողովի:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Աշոտյանին, ասաց. «Եթե մենք խոսում ենք մշտական հանձնաժողովների դերի բարձրացման մասին, ուրեմն Դուք Ձեր ղեկավարած հանձնաժողովի անունից ներկայացնեիք հաշվետվություն: Մենք ուզում ենք` հանրությունը քննարկումներին մասնակցի և տեսնի` արդյո՞ք կան հակափաստարկներ: Ձեր հանձնաժողովը հարցը քննարկել է երկու ժամ, մենք առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով` երկու ամիս քննարկելու համար»: Ապա հարց ուղղեց. «Եթե դուք դեմ եք հանձնաժողովին, ներկայացրեք եզրակացություն` ի՞նչ ենք մենք շահել և կորցրել ԵՏՄ անդամակցությունից հետո»:

Աշոտյանը նախ շնորհակալություն հայտնեց լավ ձևակերպված հարցի համար, ապա նշեց, որ այդ հարցը երկու ժամ չեն քննարկել, այլ այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել, քննարկվել է հանձնաժողով ստեղծելու հարցը:

«ԵՏՄ-ից դուրս գալու հարցը կքննարկվեր մեր հանձնաժողովում, եթե ներկա լիներ Էդմոն Մարուքյանը: Փաստացի դուք եք հետաձգել հարցի քննարկումը: Տակտիկական քայլերից ելնելով` ցանկացել եք հարցը օրակարգում պահել»,- ասաց Աշոտյանը, ապա հավելեց, որ թղթերով ու բազմաթիվ տվյալներով է եկել, բայց ժամանակ չունի այդքանը ներկայացնելու:

«Բայց երբ պարոն Փաշինյանը խոսում է ապրիլյան պատերազմի և մեր կորուստների մասին, դա դնում եմ մի կողմ, որովհետև դա բացարձակ շահարկվող թեմա է: Բայց ԵՏՄ անդամակցության հետ կապել այդ պատերազմը` նույնքան ուժեղ փաստարկ է, որքան «Ելք»-ի` ԵՏՄ-ից հետո ԱԺ-ում հայտնվելը. որևէ կապ չունեցող գործընթացներ են այս առումով»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Աշոտյանն ասաց. «Ես էլ կարող եմ ասել, որ ԵՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան, բայց ես այդպես չեմ ասելու»:

Գորգիսյանն էլ արձագանքեց. «Շատ անտրամաբանական բան ասացիք, ԵՏՄ-ն բացարձակ կապ չուներ մեր` խորհրդարան մտնելու հետ, միգուցե սխա՞լ հասկացա ձեր ենթադրությունը»: