կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 17:41
Քաղաքական

Ձեր բոլոր ջանքերը գործադրեք` ձեր գործընկերոջը փողոցից խորհրդարան բերեք. Սերժ Սարգսյանը՝ «Ելք»-ին

Ձեր բոլոր ջանքերը գործադրեք` ձեր գործընկերոջը փողոցից խորհրդարան բերեք. Սերժ Սարգսյանը՝ «Ելք»-ին

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրած և պաշտպանած ԱԺ խմբակցություններին: «Մենք` որպես քաղաքական կոալիցիա, լուրջ պատասխանատվություն ենք ստացել և հետևողական աշխատանքով պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման ու մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններին: «Անկախ մեր քաղաքական տարաձայնություններից` մենք լավ բարեկամներ ենք դառնալու»,- նշեց նա, ապա երեք խորհուրդ տվեց ընդդիմադիրներին:

«Խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ` չլսելու բարդույթից, պետք է լսելու ունակություն ունենալ: Ձեր հարցերն այս ամբիոնից նպատակ չունեին պատասխան ակնկալելու, դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթն, աչքիս, ձեզ ավելի շատ է բնորոշ, դուք եք, որ, չունենալով այդ իրավունքը, ժողովրդի անունից խոսում եք` չհասկանալով, որ պրծավ, վերջ: Սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու, ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն քաղաքական մեծամասնությունը: Երբ սովորենք հարգել առաջին հերթին Սահմանադրությունը, մեր գործը լավ կլինի»,- հայտարարեց վարչապետը:

Սերժ Սարգսյանի երկրորդ խորհուրդն ուղղված էր երիտասարդ ընդդիմադիրներին: «Մեր երիտասարդ գործընկերոջը խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով. սա դատարան չէ, այստեղ դուք կարող եք քաղաքական պատասխանատվության կանչել և' լավի համար, և' վատի: Եթե ձեզ թվում է, թե մենք 90-ական թվականներից էլ հետ ենք գնացել, ապա ի՞նչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք: Խորհրդարանում որոշումներ են կայացվում, բայց ոչ երբեք` դատավճիռներ»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքում տեղի ունեցող` անհնազանդության գործողություններին: «Ձեր բոլոր ջանքերը գործադրեք և ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան, դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որևէ ժամանակ անձամբ իմ ղեկավարած ներքաղաքական ուժն արյան ծարավ չի եղել, մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց ես երբեք թշնամու արյան ծարավ չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, դա ձեր պատկերացումներն են»,- ասաց նա:

Ըստ նորընտիր վարչապետի`  ժողովուրդը չի կարող լինել օրինազանց: «Եթե ժողովուրդն օրինազանց լիներ, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ կլինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է փողոցներում մասնակցում ցույցին»,- ասաց նա: