Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ելք»-ի` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը «արհեստական» որակեց:
«Այս հարցերն արհեստական են, որովհետև ՀՀ-ում, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, ընտրությունների ժամանակ են քաղաքական ուժերը ներկայացնում իրենց քաղաքական առաջնահերթություններն ու ստանում կամ չեն ստանում ժողովրդի աջակցությունն ու քվեն»,-ասաց նա՝ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ:
Շարմազանովը հիշեցրեց, որ խորհրդարանի 4 ուժերից առնվազն 3-ը կողմ է արտահայտվել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը:
«Իսկ «Ելք» դաշինքն էլ չեմ հիշում, որ ընտրությունների ժամանակ խոսել է այս մասին: Հարց է` եթե հայտարարեիք, որ դեմ եք, յոթ տոկոսի շեմը կհաղթահարեի՞ք, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե հասարակությունն էլ է դա ուզում, ապա հասարակական կարծիքը ձևավորվել է, ու կնիքն էլ խփվել է ընտրություններին: Սա այն եզակի խնդիրներից մեկն է, որտեղ իշխանությունն ու ընդդիմության մեծամասնությունը գտնում են, որ ճիշտ որոշում է»,- ընդգծեց նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հիմա պիտի քննարկվի, թե ինչ վնասներ կլինեն միությունից դուրս գալու դեպքում, ապա հարցրեց «Ելք»-ին՝ վնասները հաշվե՞լ եք: Նա ընդգծեց, որ ԵՏՄ մտնելուց հետո արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարով պակասել է, ու դրա օգուտն արդյունաբերողների համար ավելի շատ է՝ հենց ըստ եվրոպական փորձագետների, քան կլիներ, եթե ստորագրեինք ազատ առևտրի համաձայնագիրը:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի պնդումներին, թե ԵՏՄ-ի անդամ երկիր Ռուսաստանն էր նաև պատճառ, որ Արցախյան պատերազմի ժամանակ տարածքներ ենք կորցրել, ապա Շարմազանովն ասաց. «Ի՞նչ կապ ունեն այդ տարածքները: Նախ` հասկանանք, որ արցախյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը պարտվել է, ֆիասկո է ապրել, մեր զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Այդ պատերազմից հետո նոր պայմաններ, որը չէին բխի ՀՀ-ի ու Արցախի շահերից, չեն եղել: Իսկ հանձնաժողով ստեղծելուն դեմ ենք, որովհետև ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չունի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը»: