կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 16:47
Արցախ

Արցախում ևս համայնքները կխոշորացվեն

Արցախում ևս համայնքները կխոշորացվեն

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողները Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` համայնքների խոշորացման դեպքում ինչպե՞ս են ընտրվելու համայնքապետերը:

Հարությունյանը բացատրեց, որ ճիշտ է, համայնքը խոշորանում է, բայց համայնքի ղեկավարներն այդպես լայն իրավունքներ են ունենալու: «200 հոգանոց համայնքում տեղական ինքնակառավարում ունենալ չի կարելի: Խոշորացման դեպքում համայնքին կտրվեն առանձին բյուջե և այլ լիազորություններ, որոնցից հիմա նրանք զրկված են տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու համար»,- ասաց նա:

Բացի այդ` Հարությունյանը շեշտեց, որ իրենք միշտ խնդիրներ են ունենում համայնքի կրթված ղեկավարներ ունենալու հարցում: Նա նաև նշեց, որ Հայաստանում այդպիսի փորձ արդեն կիրառվում է, որը, ըստ նրա, ավելի արդյունավետ է:

«Այս բարեփոխումը համայնքների կրճատման նպատակ չի հետապնդում: Քննարկում է եղել նախագահի մոտ, ՀՀ-ից  ենք մասնագետներ հրավիրել: Փաթեթը կա, հետագայում կդնենք քննարկման»,- հայտնեց Հարությունյանը:

Իսկ թե ինչպե՞ս են ընտրվելու համայնքապետերը, դա լինելու է ընտրովի՞, թե՞ նշանակովի պաշտոն, նա նշեց, որ այս բոլոր հարցերը դեռ քննարկման փուլում են: