Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Ելք»-ի նախաձեռնությունը օգտակար է, բուն հարցի քննարկումը` նույնպես, քանի որ, ըստ նրա, մենք պետք է հասկանանք` ո՞ւր ենք հասել, ի՞նչ խնդիրներ ունենք:
«Լավ փաստարկներ են բերվել, որոնք մենք կարող ենք մեր ԵՏՄ գործընկերներին ներկայացնել, նույն Բելառուսի, Ղազախստանի մասով բերված փաստարկներ, որ նրանք տարօրինակ պահվածք են դրսևորել այս ընթացքում»,- ասաց Ռուստամյանը, ապա հավելեց, որ այս փաստարկները անհրաժեշտ է ներկայացնել, որպեսզի ԵՏՄ-ում հասկանան, որ ԵՏՄ-ի փոխարեն ԵՄ-ի հետ է մեր համագործակցությունը շեշտակի մեծանում:
Ռուստամյանի կարծիքով` սակայն ճիշտ կլիներ, որ «Ելք»-ը տնտեսական հաշվեկշիռը բերելու հետ միասին բերեր նաև ռազմավարական հաշվեկշիռը, որը չկար:
«Պետք է նայեինք պարտքերը, տեսնեինք` մի կողմում ԵՏՄ-ն է, մյուս կողմում` ԵՄ-ն: Տեսնեինք` ի՞նչ ռազմական աջակցություն են ցուցաբերել ՀՀ-ին: Եվ այստեղ է, որ կտեսնեինք, որ սա անհամեմատ մեծ է: Իհարկե, դրա մի մասը պետական գաղտնիք է, իսկ ինչ հրապարակվել է, այդ թվերն անհամեմատելի են: Այդ ցուցանիշները շատ կարևոր են»,- ասաց նա և նշեց, որ դրանով է պայմանավորված, որ ԵՏՄ-ին անդամակցությունը կապվում է նաև անվտանգության խնդիրների հետ:
Ռուստամյանի խոսքով` տնտեսությունը ՀՅԴ-ի համար միջոց է, ուստի պետք է լուծել տնտեսական խնդիրները: «Մենք միշտ նշում ենք, որ պետք է զարգանանք` չզիջելով: Շատ հեշտ է տնետսությունը զարգացնել` զիջելով, օրինակ` տուրք տալ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներին: Ուստի պետք է հասկանալ` ինչը ինչի հետ ենք համեմատում»,- ասաց նա:
Սակայն Ռուստամյանը կարծում է, որ գոյություն ունեցող վիճակը չպետք է մեզ պատանդի վիճակում պահի: «Պետք է կարողանանք այլընտրանքներ գտնել, բայց կատարել վերջնական որոշում` արդյո՞ք նպատակահարմար է հիմա: Կարծում եմ` ոչ ժամանակն է ճիշտ ընտրված, ոչ էլ` ձևը»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի` այսօր կանգնած ենք «և, և»-ի շեմին, ուրեմն ինչո՞ւ ընտրենք «կամ, կամ»-ի ճանապարհը: «Հանձնաժողովի ստեղծումը նշանակում է մեծամասնության համաձայնություն: Եթե մեծամասնությունն ընդունի, կստացվի ինքն է սրում «կամ,կամ»-ի քաղաքականությունը: Այսօր ընդդիմությունն ունի քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն, ինչո՞ւ չի գնում այդ ճանապարհով»,- ասաց նա, ապա հավելեց. «Ճիշտ չէ վերջնական որոշում կայացնել և երկիրը կանգնեցնել փաստի առաջ»: