Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ նիստում բարձրացրեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հարցը:
Նա նշեց, որ գիտենք` ծրագրի հիմնական ֆինանսավորումը Ասիական զարգացման բանկն է իրականացնում, որի հետ 2011-ի մայիսին ստորագրված համաձայնագրով` կառավարությունը նախատեսված հինգ տրանշներից յուրաքանչյուրի համար պետք է ներկայացնի պարբերական ֆինանսավորման հայտ: Մինչ օրս, ըստ պատգամավորի, Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է 3 տրանշի մասին համաձձայնագիր` համապատասխանաբար` 70,4 , 179,6 և 100 մլն դոլարի` ընդհանուր 350 մլն դոլարի չափով:
«Առաջին տրանշը` Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների համար, ամբողջությամբ իրացվել է: Երկրորդ և երրորդ տրանշները` Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածների համար, դեռ ամբողջությամբ չեն իրացվել: Արդյունքում ստացվում է, որ նախատեսված 500 մլն դոլար վարկային միջոցների համար դեռևս չեն ստորագրվել 150 մլն դոլարի 4-րդ և 5-րդ տրանշները, թեև ֆինանսավորման հայտերի ներկայացման վերջին ժամկետը 2017-ի դեկտեմբերի 17-ն է, այսինքն` երեք ամիս և մի քիչ ավելի»,- ասաց պատգամավորը:
Նա հարց ուղղեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին` ե՞րբ են ներկայացնելու մնացած երկու տրանշների ֆինանսավորման հայտերը, եթե դեռ չեն ավարտվել 2-րդ և 3-րդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները:
Բացի այդ` պատգամավորը հետաքրքրվեց` ի՞նչ ծավալով աշխատանքներ են մնացել դրանք ավարտին հասցնելու համար, և կհասցնեն արդյո՞ք դրանք ավարտին հասցնել և մինչև դեկտեմբերի 31-ը հայտ ներկայացնել մնացած 150 մլն դրամի համար: «Արդեն իսկ ավարտված` Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատվածները աչքի չեն ընկնում իրենց որակով, ավելին` մինչև օրս դրանք լիովին ավարտված չեն: Արդյո՞ք կհասցնենք կատարել այն պայմանները, որոնց հիման վրա կկարողանանք 4-րդ և 5-րդ տրանշների ֆինանսավորման հայտ ներկայացնել, և արդյո՞ք կարիք չկա ԱԺ-ի կողմից վերահսկողություն իրականացնել, քանի որ առկա է անվստահություն այդ ծրագրի նկատմամբ»,- նշեց Կյուրեղյանը:
Նախարարը պատասխանեց, որ ինչ վերաբերում է առաջին տրանշին, ապա աշխատանքներն ավարտված են, բայց ճանապարհը դեռ հանձնված չէ: «Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և վճարված չէ վերջին 3 մլն-ից մի քիչ շատ գումար: Ինչ թերություններ կան` կապալառուն իր հաշվին ուղղում է: Ինչ վերաբերում է տրանշ 2-ին և 3-ին, աշխատանքները շարունակվում են, և ըստ պայմանագրի` նախատեսվում է դրանք ավարտին հասցնել 2019-ին: Ավելի շուտ` չենք հասցնի»:
Վերահսկողության հետ կապված հարցին էլ նախարարը պատասխանեց, որ այն իրականացվում է նախարարության կողմից, ինչպես նաև ինժեներական խմբի կողմից` առանձին պայմանագրով: